Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, խոսելով Երևանի ավագանու անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի մասին, ծաղրում է նրան.

 

«Ես այդպիսի սուբյեկտ չեմ ճանաչում: Ձեր մատնանշած սուբյեկտը, այդ սուբյեկտը» և այլն: Տեսանյութում Երևում է, թե ինչպես է ՀՀԿ-ականը ցինիկ կերպով ժպտում, ինքն իրեն հերոս պատկերացնելով:

 

Վահրամ Մկրտչյանը շատ գոհ է իրենից: Պատկերացնո՞ւմ եք՝ տղամարդն, իրեն հերոս երևակայելով, ծաղրում է կնոջը: Լրագրողները փորձեցին «դարձի բերել» հերոսացող փոխնախարարին, նրան սովորեցնելով, որ կնոջը ծաղրել չի կարելի, բայց հանրապետական գործիչը շարունակում էր գոհանալ իրենով (տեսանյութը դիտեք, որպեսզի հասկանաք այդ մարդու ցինիզմի չափը):

 

Սիրելի՛ ընթերցող, հիշեցնեմ, որ երեկ էլ Անահիտ Բախշյանին վիրավորել և ծաղրելու փորձ էր կատարել մեկ այլ ՀՀԿ-ական՝ Երևանի ավագանու անդամ Արմեն Սահակյանը: Մականունը՝ Ծիտ:

 

Երբ ՀՀԿ-ական այս երկու սուբյեկտներին դնում ենք համեմատության մեջ, տարբերություն չենք տեսնում: Երկուսն էլ հարգանք չունեն կնոջ նկատմամբ, երկուսն էլ տղամարդ են, բայց ինքնահաստատվում են կնոջ հաշվին, երկուսն էլ աչքի են ընկել քրեական պատմություններով, երկուսն էլ ՀՀԿ-ական են, երկուսն էլ, ի վերջո, իշխանություն են և մեծ հաշվով՝ իշխանության հայելին:

 

Նրանք անում են այն, ինչ իրենց կարելի է: Նրանք իրենց թույլ են տալիս վիրավորել, ծաղրել և հերոսանալ այն ժամանակ, երբ մյուս՝ բարեկիրթ մարդու համար դա պարզապես զազրելի է:

 

Անահիտ Բախշյանի դեպքում այս պատմությունները ողբերգական են: Բոլորս հիշում ենք նրա ամուսնուն՝ ՀՀԿ հիմնադիրներից մեկին՝ ազատամարտիկ Յուրի Բախշյանին, ով զոհվեց հոկտեմբերի 27-ի արյունոտ ոճրագործության հետևանքով: Եկեք մտածենք, թե ով կլիներ Անահիտ Բախշյանը, եթե ողջ լիներ Յուրի Բախշյանը: Այս դեպքում գոնե ՀՀԿ հնաբնակներից գտնվեն մարդիկ, ովքեր իրենց երիտ խաժամուժին կբացատրեն, թե ով Էր Յուրի Բախշյանը մինչև հոկտեմբերի 27-ը: Տեղին կլինի, որ իրենց երիտ սուբյեկտների զազրելի արարքների համար ՀՀԿ հնաբնակները ներողություն խնդրեն իրենց զինակից ընկերոջ այրուց:

 

Ովքե՞ր կլինեին և որտե՞ղ կլինեին  Վահրամ Մկրտչյանն ու Ծիտը, եթե Յուրի Բախշյանը զոհ չգնար այդ ոճրագործությանը: Ի վերջո, այս ամենի մեղավորը ՀՀԿ-ի ղեկավար կազմն է: ՀՀԿ-ը ղեկավար կազմը չի դաստիարակում իր ներսի սուբյեկտներին: Այս մարդիկ այդ կուսակցության դեմքը ցույց տվող, նրանց բնորոշող սուբյեկտներ են:

 

Ինչ վերաբերում է տղամարդկությանը, այստեղ 2 կարծիք լինել չի կարող: Միայն թույլ և անարժան տղամարդիկ կարող են վիրավորել կանանց և ինքնահաստատվել նրանց հաշվին: Պարոնա՛յք, ինքներդ ձեզ պարզերես անելու համար ներողություն խնդրեք ձեր մայրիկի տարիքի կնոջից՝ կրթության փորձագետ և երևանի Ավագանու անդամ Անահիտ Բախշյանից:



 

Արսեն Սանամյան