Նորագույն տեխնոլոգիաների սիրահարները անհամբերությամբ սպասում էին «Apple»-ի նոր արտադրանքներին, դրանց թվում նաև հոբելյանական «Iphone X» հեռախոսին: Սակայն, թե՛ այս նոր հեռախոսի և թե՛ դրա մատակարարների հետ կապված խնդիրների պատճառով «Apple»-ի բաժնեմասերի գինը կտրուկ անկում է ապրել: Այս մասին գրում է Ամերիկայի ձայն-ը:
Ներդրողների հիասթափությունը «Apple»-ի նոր՝ հոբելյանական «Iphone X» հեռախոսով, ոչ միայն հանգեցրել է ընկերության բաժնեմասերի գնի անկմանը, այլ նաև կանգնեցրել է համաշխարհային ֆոնդային շուկաների աճը: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ «Apple»-ի շատ մատակարարների բաժնեմասերի գինը նույնպես անկում է ապրել:
Վերլուծաբան Դարրեն Սինդենը ասում է,- «Կարծում եմ ներդրողների հիասթափությունը կապված է այն բանի հետ, որ հեռախոսը հասանելի կլինի ֆինանսական տարվա ավարտից ավելի քան մեկ ամիս հետո միայն: Ակնհայտ է, որ այս ամենը մատակարարների պատճառով է ձգձգվում»:
Ինչպես պնդում են «Apple»-ում, «Iphone X»-ը ամենամեծ առաջընթացն է այն բանից հետո, երբ իրենք ներկայացրեցին կծած խնձորի պատկերով առաջին սմարթֆոնը մոտ 10 տարի առաջ:
«Apple»-ը փորձում է վերականգնել ընկերության վարկանիշը, այն բանից հետո, երբ շատ սպառողներ հրաժարվեցին գնել անցած տարվա մոդելը՝ «Iphone 7»-ը քանի որ այն չափազանց նման էր «Iphone 6»-ին:
Վերլուծաբան Դարրեն Սինդենը ասում է,- «Երբ չափազանց շատ եք մոտենում արեգակին, դժվար է չայրվել: Հատկապես երբ այդ բիզնեսում ամենից կարևորը արդիականությունն ու նորարարություններն են»: