Հայաստանում ալյուր արտադրող խոշոր ընկերություններից երկուսը՝ «Մանչո գրուպը» և «Մանանա գրեյնը», վերջին 15 օրերի ընթացքում ալյուրի գինն իջեցրել են, 50 կգ կշռող մեկ պարկի գինը 1.650 դրամով էժանացել է, մինչդեռ վերջին օրերին որոշ խանութներում հացի գնի կամայական բարձրացում է նկատվել:

Ինչպես Tert.am-ին ասաց «Մանչո գրուպ» ընկերության տնօրեն Իվան Մոսոյանը, իրենք ալյուրի գինը վերջին 15 օրվա ընթացքում 4 անգամ իջեցրել են մեկական դոլարով:

«Հացի թանկացումը բացարձակապես մեզնով պայմանավորված չէ, ես անգամ զարմանում եմ, որովհետև եթե մենք մոտ 1.650 դրամով մեկ պարկի գինն իջեցրել ենք, պետք է որ թույլ չտային այդպիսի բարձրացում, քանի որ դա կոմպենսացնում էր գազի և հոսանքի ծախսերը, հացը պետք է, որ չթանկանար, անհասկանալի է այդ թանկացումն ինձ համար»,- ասաց նա:

Հարցին, թե ինչով է պայմանավորված մեկ պարկ ալյուրի այդքան էժանացումը, ընկերության տնօրենը պատասխանեց. «Ռուսաստանում մի քիչ ցորենի գները նվազեցին, բայց քանի որ էներգակիրները (նկատի ունի գազը և էլեկտրաէներգիան – Tert.am) թանկացրեցին, իսկ մենք չենք ուզում, որ հացը թանկանա, ըստ այդմ՝ ալյուրի գներն իջեցրեցինք, որպեսզի հացը չթանկանա»,– ասաց նա։

«Բայց հիմա, որ ցորենի գինը մի քիչ բարձրացավ, ստացվեց, որ մենք մի քիչ ի օգուտ ժողովրդի սխալ հաշվարկ ենք արել, որն ի վնաս մեզ է, որովհետև հիմա մենք աշխատում ենք զրոյի վրա, այսինքն՝ ցորեն-ալյուր հարաբերակցությունն արդեն եկամուտ չի բերում, բայց առայժմ գինն այդպես կմնա, իսկ եթե ցորենի գինը Ռուսաստանն ավելի բարձրացնի, այդտեղ մենք էլ մի փոքր կբարձրացնենք գները»,- ասաց նա՝ նշելով, որ դա դեռ հետագայի խնդիր է, կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանում ցորենի գինը կտրուկ կբարձրանա:

Իվան Մոսոյանի փոխանցմամբ՝ Ռուսաստանում ցորենի գինը 30 դոլարով բարձրացել է, և նոր արդեն վերջին 10 օրվա ընթացքում նվազման միտում է նկատվում, բայց եթե նորից բարձրանա, իրենք էլ ստիպված կլինեն որոշ չափով բարձրացնել ալյուրի գները:

«Չորս դոլարով մեկ 50 կգ պարկի գինն իջեցրել ենք, կարող է մեկ դոլարով բարձրանա, դա դեռ պարզ չէ, բայց պետք չէ ժողովրդի մեջ պանիկա մտցնել»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարող մեկի մոտ գները բարձր լինել, իսկ ուրիշի մոտ՝ ցածր, քանի որ շուկան ընդհանուր է:

«Մանանա գրեյն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը Tert.am–ի հետ զրույցում նույնպես վկայեց, որ ալյուր արտադրող ընկերություններն իջեցրել են գինը, հուլիսից ալյուրն էժանացել է մոտ 1.650 դրամով,և այս պահի դրությամբ՝ այդ գինն է շուկայում:

«Հացը թանկացել է, բայց դա մեր պատասխանատվության տակ չի մտնում, գազը թանկացել է, հոսանքը թանկացել է, դա իրենց հաշվարկներն են»,- ասաց նա։

Ի պատասխան հարցին, թե հետագայում հնարավո՞ր է ալյուրը նորից թանկանա, Գուրգեն Նիկողոսյանն ասաց, որ աշխարհում ամեն ինչ խառն է, գները՝ տատանողական, կայուն գին ընդհանրապես գոյություն չունի, օրական կարող է փոխվել՝ կապված դրամ–դոլար հարաբերակցության հետ։

«Ես դեռ կանխագուշակումներ չեմ անի, ես ինքնարժեքով եմ առաջնորդվում, որից էլ կախված է գինը, իսկ ալյուրի ոլորտում բավականին կայացած մարդիկ են աշխատում, և երբեք գինը չի բարձրացել անհավասար: Ապրում ենք օրով, հիմա ժամանակաշրջանն այնպիսին է, որ ոչինչ նախապես չենք կարող ասել»,– բացատրեց նա:

Հացի գնի թանկացման վերաբերյալ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն էլ նկատեց, որ ալյուրի գնի իջեցումը բավականին մեծ բան է:

«Եթե էժանացնում են, բնական է, որ դա պետք է երևար հացի վրա, դա մի շղթա է, եթե մենք չենք տեսնում այդ արդյունքը, ուրեմն ՏՄՊՊՀ-ն (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) գործ ունի անելու, մինչդեռ ասում է, որ գերիշխող դիրք չկա այդ շուկայում, ինչին ես կատեգորիկ դեմ եմ, մենք գիտենք, որ գոնե ներկրումը մոնոպոլիզացված է, այդտեղ բացահայտ գերիշխող դիրքի չարաշահում կա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՏՄՊՊՀ-ն հացի շուկան պետք է վերցնի իր վերահսկողության տակ:

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ից ավելի վաղ Tert.am-ին ասել էին, որ այդ ոլորտում իրենք անելիք չունեն՝ շուկայում մոնոպոլ դիրք ունեցող արտադրողի պատճառով: