Ռուս հայտնի բլոգեր եւ ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկվանից հայաստանյան համացանցի թոփ թեմային՝ Ryanair ընկերության՝ Հայաստանի շուկա մուտք գործելուն: Լապշինը, սակայն, չի կիսում հայ օգտատերերի լավատեսությունը և որոշակի փակագծեր է բացում կապված հարցի «գնի» հետ: Ըստ բլոգերի՝ վճարներն այսօր կազմում են 76 դոլար մեկ ուղեւորի համար, եւ դրանք Փաշինյանի կարգադրությամբ իր վրա է վերցրել երկրի բյուջեն։ Այս ամենն, ըստ բլոգերի, իրեն ասել է անձամբ ինքը՝ Փաշինյանը, դեռեւս 2018-ի ամռանը' ավելի քան մեկ տարի առաջ։ Բայց քչերը կհիշեն, որ դեռեւս 2015-ին Սերժ Սարգսյանի օրոք Ryanair-ը հստակ դրեց իր պայմանները՝ բոլոր ծախսերը վերցրեք ձեզ վրա, եւ մենք կգանք Հայաստան։ Չեք վերցնի՝ չենք գա։ Այն բանից հետո, երբ Հայաստանի բյուջեից տրամադրվեց մոտ 5 մլն դոլար տարեկան՝ օդանավակայանային վճարների համար, Ryanair-ն անմիջապես համաձայնեց թռչել։
Փաստացի Լապշինը Հայաստանի կառավարությանը մեղադրում է քաղաքացիների հաշվին այդ նույն քաղաքացիներին լավություն անելու և դրա հաշվին փիառվելու մեջ: Թերևս այս ամենը նման է ճշմարտության, եթե հաշվի առնենք մի շատ կարևոր հանգամանք. Փաշինյանին և իր թիմին այսօր օդի և ջրի նման անհրաժեշտ է ռեալ գործ ցույց տալ, քանի որ հասարակությունը տեսարաններից արդեն չի ոգևորվում, իսկ դեկտեմբերը, երբ վարչապետին կարող են օրենքի ուժով անվստահություն հայտնել, արդեն մոտ է:
Հետևաբար պարզ է, թե ինչու է Փաշինյանը այդքան լայն բացում բյուջեի քսակը. նրան պետք է արդյունք և որքան շուտ, այնքան լավ, իսկ հարցի «գինը» նրան առանձնապես չի հուզում: Այդպես եղավ նաև ուսուցիչների կրճատման դեպքում, երբ որոշում է կայացվում կրճատել 10 հազար ուսուցչի՝ մյուսների աշխատավարձը բարձրացնելու համար, նույնը եղավ սպաների աշխատավարձերի բարձրացման դեպքում: Սա խոսում է պահի տակ կայացված և պոպուլիստական նպատակներ հետապնդող քայլերի ու որոշումների մասին: Չկա ռազմավարություն, չկա հայեցակարգ և միտք, կա միայն արագ ու ամեն գնով հանրության աջակցությունը վերադարձնելու ցանկությունը: Այսքան աժիոտաժից հետո կարելի է լսել ռուս բլոգերին ու թերևս ավելի խորքային վերլուծություն անել՝ ի վերջո շահո՞ւմ է միջին վիճակագրական քաղաքացին Ryanair-ի մուտքից, թե բյուջեի վրա ավելացած բեռը հենց այդ քաղաքացու «քթից» էլ բերելու են…