Վերջին շրջանում Հայաստանում կատարված ներդրումներին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև սփյուռքի հայ գործարարները: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
«Սփյուռքահայերը վերջին շրջանում ակտիվ ներդրումներ են կատարել Հայաստանում: Մենք վերջերս ձեզ հետ միասին ականատես եղանք մի շարք նոր արտադրությունների հիմնման, որոնք հիմնականում իրականացվել են սփյուռքահայ գործարարների ջանքերով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Սուրեն Կարայանը:
Նախարարը հավաստիացրեց, որ բարենպաստ միջավայր է ստեղծված Հայաստանում ներդրումներ իրականացնելու համար, ինչի մասին է վկայում այն հանգամանքը, որ երկրում ակտիվ ներդրումներ են իրականացվում: Սուրեն Կարայանը նաև հավելեց, որ սփյուռքից Հայաստան կատարված ներդրումները եղել են իրենց ակնկալածի չափով: