ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն, լրագրող Դիեգո Կարամանուկյանը:
-Պարոն Դիեգո Կարամանուկյան, այսօր մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը: Որպես սփյուռքահայ, ի՞նչ է Ձեզ տալիս այս համաժողովը:
-Հայաստան-Սփյուռք համաժողովն, անշուշտ, շատ դրական եմ գնահատում, հույս ունեմ, որ այս համաժողովի միջոցով սփյուռքի գաղթօջախներում առկա բազմաթիվ խնդիրները կբարձրաձայնվեն և դրանց լուծումներ կտրվեն: Սակայն, դրական սպասումներից զատ՝ ես ունեմ անհանգստաություն, որովհետև տեսնում եմ, որ Հայաստանում շատ լավ կազմակերպում են լավ-լավ խնջույքներ, քեֆեր, նման բաներից շատ լավ են, բայց երբ գալիս է համակարգված խնդիրները լուծելուն, ապա մենք տեսնում ենք գործնական պլանների բացակայություն:
-Այսինքն՝ կան շատ լուրջ խնդիրներ, որոնք հայկական պետականությունը չի՞ կարողանում լուծել, ինչպե՞ս եք գնահատում այս պարագայում ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը:
-Սփյուռքի նախարարությունն աշխատում է. ես այդ կառույցի աշխատանքից չեմ կարող դժգոհել: Սակայն աֆրիկյան հայ գաղթօջախների և, մասնավորապես, Ուրուգվայի հայ համայնքի համար կան այնպիսի խնդիրներ, որոնք պետք է ոչ թե նախարարությունը լուծի, այլ հենց Հայաստան պետությունը: Թե չէ՝ ստացվում է, որ խնդիրների ժամանակ գաղթօջախներին չենք հիշում և նրանց անդրադառնում ենք միայն այն ժամանակ, երբ պետք է գումար հավաքել և ուղարկել Հայաստան և Արցախ:
-Ի դեպ, վերջին շրջանում ակտիվացան խոսակցությունները, որ սփյուռքի մեր հայրենակիցներն այլևս չեն վստահում Հայաստանին, քանի որ այդ ներդրումներն այնքան էլ իրենց նպատակին չեն ծառայել:
-Սփյուռքում կան մեծահարուստներ, որոնց մի մասը բարեգործություններ է անում, մի մասը՝ ներդրումներ: Ես դեմ չեմ, թող այդ գումարները ուղղեն Հայաստան, բայց այն համակարգային մեծ խնդիրները, որոնք մենք ունենք, պետությունն էլ պետք է լուծի մեզ համար:Մշակութային կյանքը պետք է այնտեղ ակտիվացնել, ամուր պահել լեզուն, որպեսզի մեր գաղթօջախները չկանգնեն կործանման եզրին:
-Ինչպե՞ս եք գնահատում հայ դատի գրասենյակի աշխատանքը Սփյուռքում: Հայապահպանության գործում, մենք սովորաբար լսում ենք, որ ամենակտիվը ՀՅԴ կառույցներն են:
-Ես չեմ կարող գնահատատել Դաշնակցության աշխատանքը սփյուռքում: Կարող եմ միայն մեր համայնքի՝ ուրուգվահայերի մասով ասել մեկ բան՝ ամեն փայլող բան չէ, որ ոսկի է: Սփյուռքում այնպես չէ, որ բոլորը հարուստ են, բոլոր չէ, որ գործարար են, չքավոր մարդիկ շատ կան և սփյուռքյան կառույցների տկարությունն է այն, որ չեն կարողանում օգնել իրենց աղքատ հայրենակիցներին: