Երեկ մեկնարկած Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը շատերը դիտարկում էին իբրև Սերժ Սարգսյանի կշիռը սփյուռքում բարձրացնելու գործիք, իսկ ստեղծվելիք Համահայկական խորհուրդը, ակնկալվում էր, որ կդառնա 2018-ին ընդառաջ՝ Սարգսյանին վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համազգային կոչ-հորդորի հարթակը: Երեկ, սակայն, ցրվեցին ոչ միայն այդ պատրանքները, այլ ակնհայտ դարձան Հայաստանի և Սփյուռքի միջև օր-օրի խորացող հակասությունները: Ավելի ճիշտ՝ Սփյուռքի և ՀՀ իշխանությունների միջև: Համաժողովին հրավիրված պատվիրակները մեկ մարդու պես իրենց անվստահությունը հայտնեցին ՀՀ իշխանություններին: Լրագրողները կարծես հատուկ փնտրում էին մեկին, ով գոնե մի քաղցր խոսք, մի գովք կհնչեցներ իշխանությունների հասցեին, բայց ապարդյուն: Սփյուռքի պատվիրակները եկել են Հայաստան՝ արտահայտելու այն համընդհանուր դիրքորոշումը, որն այսօր առկա է հայկական գաղթոջախներում՝ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ: Ահա միայն մեկ օրինակ, թե ինչ են մտածում Սփյուռքի մեր հայրենակիցները Հայաստանում տիրող իրավիճակի մասին: Պոլսահայ մտավորական Զարեհ Պալյանը չկարողացավ անգամ զայրույթը զսպել՝ «Անսահման ագահության մի արշավ են սկսել ու դա չի դադարումԻհարկե, ի վիճակի են փոփոխություն անելու, բայց մարդիկ մի այնպիսի երանության մեջ են ընկել, որ խոպան են եկել, թալանում են, չեն խղճում չունևորին: ճանապարհը մեզ տանում է գահավիժող անդունդ, սրա դեմը պետք է առնել: Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկունքին ամբողջ ժողովուրդն էր կանգնում, հետո Քոչարյանը եկավ, քանի որ Արցախի պաշտպանության կոմիտեի նախագահն էր, քանի որ Արցախը իմ՝ բարուրի մեջի երեխան է, ես եմ սկսել էդ շարժումը, միշտ էլ թիկունք եմ կանգնել, ես հաշվեցի, որ Քոչարյանը չի ծախի Արցախը: Երրորդի՝ Սերժ Սարգսյանի հետ բան չեմ ունեցել: Էն երկուսը ԱՄՆ եկան, խնդրեցին, որ ես դիմավորեմ իրենց, Քոչարյանը խնդրեց, որ ես իրեն ներկայացնեմ իր դրական կողմերը: Ներկայացրել եմ, բայց հետո, երբ իմացա, որ նա էլ է կաշառք վերցնում (չգիտեի), ես անմիջապես հետ կանգնեցի: Երրորդ նախագահն էլ նրանց հոգեզավակն է»,- ասաց նա:  Մեծի Տանն Կիլիկյո կաթողիկոս Արամ Ա-ի խոսքերը նույնպես լի էին իշխանությունների հասցեին ուղղված կշտամբանքով և քննադատությամբ՝ նա պահանջեց, որպեսզի իշխանությունները մեր երկրին չվերաբերվեն իբրև զբոսավայրի, բիզնես շուկայի կամ անցագրի և ահազանգեց այն, ինչ մտահոգում է բոլորիս՝ մինչ Սերժ Սարգսյանը խոսում է 4 միլիոնանոց Հայաստանի մասին երկիրը դատարկվում է:
 
Հենց Պալյանի, Արամ Ա-ի և մյուս պատվիրակների նկարագրած վիճակն է, որ խորացնում է Հայաստանի իշխանությունների հանդեպ սփյուռքի ունեցած անվստահությունը։ Սփյուռքին չես մեղադրի՝ ունեն իրենց օբյեկտիվ պատճառները: Կազմակերպվում են բազմաթիվ բարեգործական ակցիաներ, հեռուստա եւ հեռախոսամարաթոններ, սակայն դրանց արդյունքը զգացվում է մի քանի իշխանավորների կապիտալների ավելացմամբ։ Ու որքան էլ մեր իշխանությունները ամեն առիթի՝ աչքերը կլորացրած, լացակումած ձայնով խոսեն հայրենիքի բարօրության անհրաժեշտության մասին, միեւնույն է, դրանից սփյուռքից եկող նվիրատվությունները չեն ավելանում ու չեն ավելանա: Կարեն Կարապետյանը, ստանձնելով վարչապետի պաշտոնը, կոչով դիմեց սփյուռքին, որպեսզի գան և Հայաստանում ներդրումներ անեն: Վարչապետի կոչը մնաց անարձագանք, քանի որ Սփյուռքի վստահության պաշարն այլևս սպառվել է: Եվ ինչպե՞ս մենք այսօր կարող ենք եվրոպացուն, չինացուն կամ ամերիկացուն հորդորել՝ գալ Հայաստանում ներդրում անել, սեփական կապիտալը ներդնել այստեղ, եթե անգամ մեր հայրենակիցներն ունեն զրո վստահություն օրվա իշխանությունների հանդեպ: Սփյռւքում էլ վստահ են՝ ձևավորվելիք խորհուրդը որևէ բան չի կարող փոխել, փոխելուց առաջ նախ իշխանությունը պետք է փոխվի, որ Սփյուռքում վերականգնվի վստահությունը Հայաստանի նկատմամբ: Իշխանությունները օգտագործում են Սփյուռքի այն հատվածին, որ հոգեբանական առումով դրա կարիքն ունի: Իսկ սփյուռքը չի հավատում այդ խորհրդին, քանի որ նախևառաջ՝ չեն հավատում այդ խորհրդի կազմակերպիչներին: Ի՞նչ պետք է փոխվի: Վստահության լուրջ ճգնաժամ կա Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:
 
Արդեն վեցերորդ անգամ հավաքում են Սփյուռքի ներկայացուցիչներին, բայց երբևէ այդ ներկայացուցիչները չեն ներկայացնում իրական խնդիրները: Իսկ խնդիրը թե՛ հայաստանաբնակներիս, թե՛ սփյուքի համար մեկն է՝ ինչպես է պատահում, որ անընդհատ ընտրվում է նույն անձը նախագահի պաշտոնում, կամ ինչպես է պատահում, որ խորհրդարան են անցնում չափազանց կասկածելի ծագումով «ընդդիմադիր» ուժեր»: Սփյուռքը երեկ իր անվստահության քվեն հայտնեց ՀՀ իշխանություններին: Պատվիրակների քննադատություններն իրենց սրությամբ գերազանցեցին անգամ հայաստանյան ընդդիմությանը: Հստակ մեսսիջ հղվեց, որ մինչև այս համակարգը չփոխվի, մինչև նոր մարդիկ չգան, որոնք իրականում կցանկանան փոխել իրավիճակը, սփյուռքը չի հավատա, որ բան կարող է փոխվել Հայաստանում...


 
Ստելլա Խաչատրյան