«Երբ փոքր էի, պապիկս միշտ պատմում էր իմ Հայրենիքի մասին, եւ հիմա ես այստեղ եմ՝ Հայաստանում»,- այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված համերգից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հայտնի կոմպոզիտոր Միշել Լեգրանը:
Նա կարոտով է հիշում իր պապի հետ անցկացրած տարիները.
«Ցավոք, ես շատ քիչ եմ ապրել պապիկիս հետ: Տասը տարեկան էի, երբ նա մահացավ, բայց հիշում եմ, որ միշտ խոսում էր իր գյուղի, իր ընատնիքի մասին, որը մասնատվեց, քայքայվեց: Նա միշտ ներկա է եղել իմ մանկության մեջ: Նա երաժիշտ էր, ուդ էր նվագում»,- ասաց Լեգրանը:
Նրա կողքին ժպիտով կանգնած Օրնելլա Մուտին էլ նշեց, որ երջանիկ է արդեն երկրորդ անգամ Երեւանում լինել.
«Սիրում եմ Հայաստանը, սիրում եմ հայերին: Ես շատ հայ ընկերներ ունեմ, նրանցից մեկն էլ Արթուր Ազադյանն է, որն ինձ հրավիրել է այս հրաշալի համերգին»,ասաց հայտնի դերասանուհիներին՝ ընդգծելով, որ հատկապես հայ կանանց է համավնում. «Կարծում եմ՝ կանայք այստեղ հիասքանչ են»:
Մուտին ափսոսանքով նշեց, որ կարճ ժամանակով է եկել եւ չի հասցրել Հայաստանի մասին նոր բաներ բացահայտել:
Աղբյուրը՝ style.news.am