«Հայրս մեզ սովորեցնում էր միշտ մարդ մնալ»: Ահա այսպես է հիշում հորը Սմբատ Այվազյանի դուստր Տաթևը, ով նրա մասին երբեք անցյալով չի խոսում: Եռաբլուր զինվորական պանթեոնն այսօր՝ մարտի 10-ին, բազմամարդ էր: Այսօր «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի ծննդյան օրն է: Հարազատներն, ընկերները, հեռու ու մոտիկ բարեկամները ծաղիկներ խոնարհեցին Սմբատ Այվազյանի շիրիմին:

Դուստրը՝ Տաթև Այվազյանը, արցունքները մի կերպ զսպելով, պատմում է՝ հայրը իդեալական մարդ էր թե՛ ընտանիքի, թե՛ ընկերների համար: «Ես նրա նմանին երբեք չեմ հանդիպի...»,- ասում է Տաթևը: 

Սմբատ Այվազյանի մարտական ընկեր, «Ծառուկյան» դաշինքի Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ համայնքներից տարածքային ընտրակարգով առաջադրված թեկնածու Արշակ Արշակյանի համար իր ընկերը միշտ ողջ է... «Ամեն ինչի միջով անցել ենք, ինչքան բան ենք տեսել: Սմբատի երազանքն էր հզոր հայրենիք ունենալ, չհասցրեց իրականացնել: Բայց ես վստահ եմ՝ ընկերները, հարազատները կիրականացնեն նրա երազանքը»: 

Հրայր Մելքոնյանն, ով եղել է Այվազյանի խորհրդականը, ընկերը, հիշում է՝ Սմբատը աշխատում էր, չարչարվում էր, տեսնում էր Հայաստանի վաղվա օրը. «Ինքը գիտեր՝ ինչի համար է պայքարում...»: 

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսանկարները և տեսանյութը՝ ԼՈւՐԵՐ.com-ի

Հեղինակ՝ Քրիստինա Աղալարյան