ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ ռուսաց լեզվի դասավանդման հետ կապված հայեցակարգն իր հանձնարարականով չի եղել:
Անկախության տոնի առիթով «Եռաբլուր» այցելած վարչապետը, պատասխանելով հարցին, թե չի՞ պատրաստվում վերանայել ռուսաց լեզվի հետ կապված հանձնարարականը, որը մեծ աղմուկ է բարձրացրել, նշեց. «Նախ շնորհավորում եմ բոլորիս տոնի առթիվ: Երկրորդ, ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական իմ կողմից չի եղել»:
Կրթության և գիտության նախարարությունը մշակել է դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ, որը հռչակում է՝ Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է, որպես նպատակ նշում է ռուսաց լեզվի հանրայնացումը և ընդգծում, որ ռուսերենի ուսումնառությունը դպրոցներում սովորողներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիք ու հմտություններ՝ միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար: