ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում  «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի  նախագահ Հրաչ Բերբերյանը, անդրադառնալով մսի թանկացման խնդրին, նշեց, որ դրա հիմնական պատճառն անասնակերի թանկացումն է: 

«Անցած տարվա համեմատ՝ անասնակերը երեք անգամ թանկացել է: Եթե անցած տարի գյուղացին կարող էր 400-700 դրամով ձեռք բերել մեկ հակ խոտը, ապա այսօր այն արժե 1800-2000 դրամ»,- ասաց նա: 

Բերբերյանը, սակայն, մեկ այլ վտանգ է տեսնում. այս տարի կունենանք անասնագլխաքանակի պակաս. «Պատճառը երաշտն է: Հանրապետությունում շուրջ երեք ամիս է՝ տեղումներ գրեթե չեն եղել և այն մարմինները, որոնք պետք է զբաղվեին երաշտի վնասները մեղացնելով, որևէ խնդիր չեն լուծում և երաշտի մասին չեն էլ խոսում»,- ասաց նա:

Խոսելով եղջերավոր անասունների մասին՝ նշեց, որ անցած տարվա համեմատ, սեպտեմբերի դրությամբ, մոտ 40.000 գլուխ պակաս է և ըստ նրա՝ մինչև աշուն թիվը կհասնի մոտ 100.000-ի:

Նա նշեց, որ նման վտանգից խուսափելու համար Գյուղատնտեսության նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկի, սակայն ոչինչ չի անում. «Գյուղնախարարությունը կարող էր կազմակերպել խոտհունձ, այդ հարցում խրախուսել գյուղացիներին, եթե ծայրահեղ վիճակ է ստեղծվում, օրինակ՝ այլ պետությունները անասնակեր են ներմուծում, անգամ անվճար բաժանում՝ հաջորդ տարի վերադարձնելու պայմանով: Սակայն նախարարությունը որևէ խնդիր չի լուծում, ընկած բանկային-վարկային ռեսուրսներ են ման գալիս գինու գործարանների համար այն դեպքում, որ գյուղացին ընդհանրապես կապ չունի:

Նախարարության բուն աշխատանքը պետք է լինի կանխատեսել իրավիճակը և միջոցներ ձեռնարկել, որպեսզի գլխաքանակի անկում չլինի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մի քանի տարի է պետք անասնագլխաքանակը վերականգնելու համար:

Անդրադառնալով տեսակետին, թե թանկացումը պայմանավորված է արտահանումների հետ, Բերբերյանը նկատեց. «Արտահանումները Գյուլնազ տատի հեքիաթներն են, դրանք միշտ եղել են և երբևէ չեն ազդել հատկապես խոշոր կենդանիների գլխաքանակի վրա»,- նկատեց նա:

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի  նախագահի կարծիքով՝ հնարավոր է՝ մինչև նոր տարի փոքր-ինչ իջնի մսի գինը, սակայն գարնանը 1 կգ-ը 4000-5000 դրամից պակաս չի լինի:

Սոնա Հարությունյան