Երևան-Արմավիր-Երևան երթուղու վարձավճարը 400-ից դարձել է 500 դրամ։Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը։
Նա պարզաբանեց՝ վարձավճարի բարձրացումն անօրինական չէ, քանի որ ընկերությունը մրցույթը շահել էր 500 դրամով, բայց սպասարկել է 400-ով․ «Ավտոպարկում 20 նոր սպրինտեր է ավելացել, քանի որ դրանք աշխատում են դիզվառելիքով, ինչը շատ թանկ է, դրա համար նախկին գնով չենք կարող սպասարկել։ Մինչև հիմա ինձ նեղություն տալով, վնաս կրելով՝ աշխատել եմ, բայց արդեն ի վիճակի չեմ. սննկացել ենք»,-ասաց նա։
Հարցին՝ Տրանսպորտի և կապի նախարարության հետ քննարկում եղե՞լ է, թե ոչ՝ Խաչատրյանը պատասխանեց․ «Քննարկման բան չկա, ես ինքնագլուխ չեմ թանկացրել տոմսի գինը, ինչքանով շահել ենք մրցույթը, այդ գնով էլ սպասարկելու ենք, իսկ նախկին գնով աշխատելու հնարավորություն չկա։ Ես ինքս պետք է գնայի նախարարություն, խնդրեի, որ այս պայմաններում ես 500-ով էլ չեմ կարող աշխատել»,- նշեց նա։
Նա նշեց՝ անօրինական ուղևորափոխադրումներ իրականացնող մեքենաները «խփում են իրենց գործին»․ «Մեքենաներս դատարկ վազքեր են անում, վառելիքը գնում է, գումար չենք աշխատում։ Ինձ պատկանող գծին զուգահեռ՝ այլ անձանց պատկանող մեքենաներ են մտնում։ Օրինակ՝ Ռուբեն Կոստանյանին (հեղ․՝ խոսքը Սամվել Ալեսքսանյանի մտերիմ, Դերժավայի Արկադիի խնամի, քրեական հեղինակություն Բոգոյի մասին է, որը Սիմոնյան ազգանունը փոխել՝ դարձել է Կոստանյան) պատկանող մեքենաներն ավելի էժան՝ 300 դրամով ուղևորափոխադրում են իրականացնում։ Ավտոկայանում գոյություն ունի տիկին Լաուրա Մկրտչյանը, որը 10 տարի է՝ ինձ հանել է հունից։ Փոխանակ որպես Ավտոկայանի պետ՝ կարգավորի հարցը, էստի համեցեքով, Բոգոյի ավտոներն աշխատեցնելով, լավ էլ փողեր է աշխատում։ Գալիս, իմ մեքենաների միջից ուղևորներին հանում, տանում ա էդ մեքենաները, որ աշխատեն էդ փողերն էլ իրեն տան։ Գնացեք Երևան պարկի վարորդին հարցրեք՝ «Դու որ անօրինական, քո սեփական մեքենայով աշխատում ես, ո՞ւմ ես վճարում գումարները», էլ ո՞ւմ պետք է վճարի՝ ով թագավորություն է ստեղծել էդ կողմերում: Առանց իրեն ոչ ոք ոչինչ անելու իրավունք չունի»,- նշեց նա։
Դիտարկմանը՝ նկատի ունի Ռուբեն Կոստանյանի՞ն, Խաչատրյանը պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ այո։ 100 % չեմ կարող ասել, բայց մի բանում համոզված եմ՝ ուրիշ մարդ էլ չի կարա էդտեղից փող վերցնի»,- ասաց նա։
Կարելի՞ է ենթադրել, որ հանցավոր համագործակցություն է իրականացվում հարցին ի պատասխան՝ Խաչատրյանը նկատեց․ «Հենց էդպես էլ կա»։
Խաչատրյանի փոխացմամբ՝ Ռուբեն Կոստանյանի դեմ դատական գործընթացները շարունակվում են և որոշակի շարժ է նկատվում․ «Հույս ունեմ, որ արդյունք կտա։ Մեծ ներդրումներ եմ արել, հիմնարկս պետք է փոխեմ»,- նշեց «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրենը։
Սոնա Հարությունյան