Օրեր առաջ Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի տան շենքի բակում նրան պատկանող ավտոմեքենան են վնասել՝ ջարդելով հետնապակին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Շուշանիկ Խաչատրյանը՝ նշելով, որ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել և հույս ունի, որ ամեն ինչ կպարզվի։

Նշենք, որ հունիսի 28-ին, Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանից բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել «ավտոկայանի նայող», քրեական հեղինակություն, նորագյուղցի Բոգո մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանը (Սիմոնյան ազգանունը փոխել է), ով նաև Սամվել Ալեքսանյանի մտերիմն ու Դերժավայի Արկադիի խնամին է:

Նկատենք, որ ամիսներ առաջ էլ այրել էին Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանի ավտոմեքենան, ինչը կապվում էր Բոգոյի անվան հետ։ Ուստի՝ հաշվի առնելով անձանց շրջանակը, ձեռագիրն ու դեպքերի զարգացումը, հետաքրքրվեցինք՝ կասկածներ ունի՞, թե ով կարող էր արած լինել՝ ի պատասխան Խաչատրյանն ասաց․ «Այն, որ մարդուն բերման են ենթարկում, երեկոյան 22։30-ին գալիս մեքենադ կանգնացնում ես այնտեղ, որտեղ միշտ կանգնացրել ես, առավոտյան ջարդած ես տեսնում՝ դա արդեն մի քիչ կասկածելի է»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ նկատի ունի, որ հնարավոր է Բոգոն է հեղինակը՝ հաշվի առնելով նրանց միջև առկա լարված հարաբերությունները, Խաչատրյանը պատասխանեց․ «Ոչ ոքի հետ չեմ կարող կապել, որովհետև ոչ ոքի ձեռքը չեմ բռնել, ենթադրություն չեմ կարող անել։ Ինչ վերաբերում է, թե ինչ կասկածներ ունեմ, չեմ կարող բարձրաձայնել, որովհետև փաստ չունեմ»,- նշեց նա։

Նշենք, որ Շուշանիկ Խաչատրյանը բազմիցս հայտարարել է, որ Բոգոյին պատկանող ավտոմեքենաներն անօրինական ուղևորափոխադրումներ են իրականացնում՝ խոչընդոտելով իր ընկերության գործունեությանը․ «Ռուբեն Կոստանյանին պատկանող մեքենաներն ավելի էժան՝ 300 դրամով ուղևորափոխադրում են իրականացնում։ Գնացեք Երևան պարկի վարորդին հարցրեք՝ «Դու, որ անօրինական, քո սեփական մեքենայով աշխատում ես, ո՞ւմ ես վճարում գումարները», էլ ո՞ւմ պետք է վճարի՝ ով թագավորություն է ստեղծել էդ կողմերում: Առանց իրեն ոչ ոք՝ ոչինչ անելու իրավունք չունի»,- մեզ հետ զրույցում ասել էր Շուշանիկ Խաչատրյանը։