Hetq.am. «Կենտրոն» հեռուստատեսության տնօրեն Գոռ Մարտիրոսյանն այսօր տարածել է հետևյալ մամուլի հաղորդագրությունը.

«Տեղեկանալով այն մասին, որ զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում զոհված զինծառայողների հարազատները ի նշան բողոքի դին տեղափոխում են Երևան՝ «Կենտրոն» հեռուստատեսության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության նկարահանող խումբը մեկնել է նկարահանման:

Սևան-Երևան ավտոմայրուղու վրա, սակայն, անսպասելիորեն հայտնվել են ուժային տարբեր կառույցների համազգեստավոր և քաղաքացիական հագուստով բազմաթիվ ներկայացուցիչներ և արգելել են շարունակել նկարահանումները:

Քաղաքացիական հագուստով ոմն անձնավորություն հայհոյախառն արտահայտություններով հրել է հեռուստատեսության օպերատորին՝ բռնի ուժով զավթելով տեսախցիկն ու տեսախցիկի որոշ մասեր ջարդուփշուր անելուց հետո հանձնել համազգեստավոր ինչ-որ մեկին:

Մեր աշխատակիցների բոլոր առարկություններն արժանացել են կոպիտ և հայհոյախառն վիրավորանքների: Դեպքից մեկ ժամ անց բռնի ուժով գողացված տեսախցիկը սև համազգեստով ռազմական ոստիկանության ներկայացուցիչները հետ են բերել՝ սկզբում նշելով, որ այն ինչ-որ մեքենայի մեջ է եղել, հետո էլ բացահայտ ցինիզմով ավելացրել են, թե տեսախցիկը ծառի տակից են գտել:

Մասնատված տեսախցիկը մի քանի րոպե պահել են ՊՆ 101 պետհամարանիշով ավտոմեքենայի մեջ, որից հետո, առանց ձայնագրման, կրիչների վերադարձրել են մեր նկարահանող խմբին:

Մենք սա գնահատում ենք որպես բացահայտ խոչընդոտում լրագրողական աշխատանքին, խոսքի ազատության ակնհայտ ոտնահարում և սահմանափակում: Խստորեն դատապարտում ենք այս երևույթը՝ միաժամանակ պահանջելով իրավապահ մարմիններին հայտնաբերել և պատժել այն մարդկանց, ովքեր դրսևորել են շարքային խուլիգանի վարքագիծ և իրավամբ չեն կարող տեղ ունենալ ոչ իրավապահ, ոչ պաշտպանության նախարարության համակարգերում:

Հ.Գ. Համապատասխան իրավապահ մարմիններին խնդրում եմ իմ հայտարարությունը ընդունել որպես հաղորդագրություն հանցագործության մասին»: