Երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպել է տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով հարցին, թե ինքը նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների տեղեկատվություն է փոխանցել, որ կարողանան երկրից գնալ՝ նա բերել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ երկրից հեռանալու օրինակը։
 
«Այն ժամանակվա ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ կար հարուցված և կարճված քրեական գործը։ Հայտնի օֆշորի գործը։ Քրեական գործը վերաբացելու եղանակը մեկն է։ Պետք է լինի նոր երևան եկած հանգամանքներ, և գլխավոր դատախազը պետք է թույլատրի քրգործը վերաբացել ու քննություն իրականացնել։ Մենք՝ ԱԱԾ-ն, գրել ենք պաշտոնական գրություն գլխավոր դատախազին՝ առաջարկելով նոր երևան եկած հանգամանքների հիման վրա վերաբացել այդ գործը։ Ինչ-ինչ պատճառաբանությունների հիման վրա (համոզված եմ` վաղը կբերեն այդ պատճառաբանությունները, թե ինչու իրենք չհամաձայնեցին` այդ գործը վերաբացվի) այն վերադարձվել է մեզ»,- ասել է Վանեցյանը:
 
Նրա խոսքերով՝ այնուհետև Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկրից, և հարց է առաջանում՝ ինչու՞ մեկնեց, ո՞վ իրեն տեղեկացրեց, որ մեկնի, և ինչու՞ քրեական գործը չվերաբացվեց, ինչու՞ գլխավոր դատախազը չմտավ ԱԺ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման ենթարկելու։ «Դրա մասին գիտի նաև վարչապետը։ Հետևանքների մասին, խնդրում եմ, դատեք ինքներդ։ Մնացած գործերով որևէ բան այլևս չեմ ասելու»,- նշել է ԱԱԾ նախկին տնօրենը։ Ստացվում է՝ Արթուր Վանեցյանը փաստացի հանցագործության մասին հաղորդում է տալիս, փաստելով, որ գլխավոր դատախազը չնկատելու է տվել նոր երևան եկած հանգամանքները և թույլ է տվել նախկին պաշտոնյային հեռանալ Հայաստանից: Մեղադրանքը էլ ավելի է լրջանում, հաշվի առնելով Վանեցյանի պնդումները, որ վերոնշյալ աչք փակելու գործում իր ավանդն ունի նաև վարչապետը: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը մինչ օրս «պահում» է Արթուր Դավթյանին: Սա, ինչ խոսք, լուրջ հայտարարություն է, թերևս, Վանեցյանի ՝ հրաժարականից հետո արված ամենալուրջ հայտարարությունը, որով պետք է զբաղվեն պատկան մարմինները:
 
Վանեցյանի երկրորդ կարևոր դիտարկումը վերաբերվում էր պետական գաղտնիքին և նրան, թե ովքեր չեն խորշում քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով սլիվ անեն պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը: Վանեցյանը հիշեցրեց, որ իշխանություններին չի հուզում այն անձը, ով շաբաթներ առաջ լինելով ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, փաստացի պետական գաղտնիք է բացահայտել իր հարցազրույցներից մեկում, սակայն չգիտես ինչու՝ իշխանությունները պետական գաղտնիքի բացահայտման ռիսկն ու վտանգը տեսնում են հենց իր մասով: Վանեցյանը նկատի ունի գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանի հարցազրույցը, որի հիմնական իմաստը հանգում է նրան, որ մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը որոշում էին կայացրել ուժ գործադրել ցուցարարների նկատմամբ, իսկ այն ժամանակվա ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը ամենայն հավանականությամբ ոչնչացրել է այդ հանգամանքը փաստթող փաստաթղթային ապացույցները: Ըստ էության, Վանեցյանը հասկացնում է, որ այս սլիվը արվել է հենց իշխանությունների կողմից՝ Մարտի 1-ի գործում դիվիդենտներ շահելու նպատակով:
 
Վանեցյանի հարցազրույցը, ինչ խոսք, երկակի տպավորություն ստեղծեց: Մի կողմից, հասկանալի է, որ ԱԱԾ նախկին պետը, ներկայացնելով քաղաքական հայտ, պետք է խոսեր, ստիպված էր խոսել, հակառակ դեպքում նրա այդ հայտը քաղաքական իմաստով ազդեցիկ չէր լինի: Մյուս կողմից, սակայն, մենք տեսնում ենք, որ ինչպես Փաշինյանը Կապանյան ասուլիսին չցանկացավ բաց հակամարտության մեջ մտնել Վանեցյանի հետ, այնպես էլ Վանեցյանը չի ցանկանում բաց խաղ վարել վարրչապետի դեմ, իսկ դա նշանակում է, որ ամեն դեպքում ինչ-ինչ համաձայնություններ դեռ պահպանվում են, հետևաբար կարելի է ենթադրել, որ Վանեցյանի առաջ խնդիր է դրված խոսել, սակայն ոչինչ չասել…