Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Արմավիր-Երևան երթուղու սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության վարորդները գործադուլ են հայտարարել։ Բողոքի ակցիան սկսել են կառավարության շենքի դիմաց` հայտնելով, որ 7 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրենը հայտնել է, որ ամիսներ առաջ մարդկանց փոխադրումները բարելավելու նպատակով մեծ ներդրումներ է իրականացրել` ներմուծելով նոր «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսներ, սակայն ապօրինի փոխադրամիջոցների պատճառով վնասով է աշխատում և չի կարողանում վարորդներին աշխատավարձ տալ:
Արմավիրի ավտոկայանից հայտնեցին, որ դեռ անորոշ է, թե որքան ժամանակ կշարունակվի վարորդների գործադուլը: Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ բնակիչներն Արմավիրից Երևան են գալիս ուշ-ուշ երթևեկող և ավտոկայանից մի փոքր հեռու կայանող անհատների ապօրինի երթուղայիններով և նրանց մեքենաների չբավականացնելու դեպքում նաև տաքսիներով` մեկ անձը 500-ի փոխարեն 1000 դրամ վճարելով: