ԳԱԼԱ Գյումրիում այսօր բողոքի ցույց են անցկացրել 20 համարի երթուղու վարորդները: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գյումրու քաղաքապետի որոշմամբ կասեցվել է 20 համարի երթուղու աշխատանքը: Քաղաքապետարանից մեր լրագրողին փոխանցել էին, որ քաղաքապետը գործել է համաձայն կառավարության 2001թվականի օգոստոսի 16-ի 762 որոշման, հայտնաբերվել է պահանջներին անհամապատասխանություն, մի քանի կոպիտ խախտումներ, ինչի արդյունքում կասեցվել է երթուղու գործունեությունը:

 

Այսօր առավոտյան ճանապարհային ոստիկաններն այցելել են Գարեգին Նժդեհի հրապարակ և հավաքված վարորդների տեղեկացրել, որ իրենց գործունեությունն անօրինական է, և որ գիծ դուրս եկող ցանկացած միկրոավտոբուս կտեղափոխվի տուգանային հրապարակ, և ցանկացածի նկատմամբ կկազմվի մինչև 50 հազար դրամի ակտ: Վարորդների փոխանցմամբ երկու մեքենա արդեն տեղափոխվել է տուգանային հրապարակ ճանապարհային ոստիկանների կողմից: Սա առաջացրել է վարորդների զայրույթը:

 

Վերջիններս որոշել են գնալ կտրուկ քայլերի: Փակել են Նժդեհի հրապարակից քաղաքի տարբեր հատվածներ տանող բոլոր ճանապարհները՝ Գյումրի-Երևան, Գյումրի-Ախուրյան և հարակից տարբեր փողոցների ճանապարհահատվածներ:

 

«Մենք զանգեցինք տրանսպորտի նախարարություն, ասեցինք, որ մեր գիծը կասեցվել է, ասին՝ մենք նման տեղեկություն չունենք, ու էդ ընթացքում ավտոների վրա 50 հազար տուգանք կգրեն, էն պարագայում, որ էդ մարդը օրական 2-3 հազար դրամ փող կտանի տուն: Եթե անօրինական կաշխատինք, բան չունիմ ասելու, թող բացատրեն հասկանան, որովհետև տարիմ արդեն անցել է, մենք աշխատել ենք, հիմի ինչի համար կկասեցնեն մեր գործունեությունը»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են վարորդները: «Ես ընդամենը իմ երեխուս հացի համար կռիվ կենեմ, մնացած հարցերն ինձ չեն հետաքրքրում, ով ում հետ ինչ հարցեր ունի, ես հասարակ աշխատող մարդ եմ, հիվանդ էրեխա կպահեմ, դրա համար էլ գործ կուզեմ, էդ է իմ ասածս»,- նշել է 20 համարի վարորդներից մեկը: Դեպքի վայր են ժամանել ներկայացուցիչներ ոստիկանության Գյումրու բաժնից, ճանապարհային ոստիկաններ և բանակցել վարորդների հետ:

 

Փակ ճանապարհների պատճառով կաթվածահար է եղել քաղաքի երթևեկությունը, ուստի հորդորել են վարորդներին բացել ճանապարհը մինչև վաղը պարզաբանվի, թե ինչ է տեղի ունենում: Տարված բանակցություններից հետո վարորդները բացել են ճանապարհն ու այսօր շարունակել իրենց աշխատանքը:

 

 Տեսանյութը՝ ԳԱԼԱTV-ի

 

 

 

 

 

 

 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: