Մարալիկում քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը։ Պատճառը Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատան փակելն է։
Մարալիկցիներն ու հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ, որոնք 10-յակ տարիներ շարունակ բուժօգնություն ստանալու նպատակով օգտվել են ծննդատնից ու բժշկական կենտրոնից, պահաջնում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ լուծի ծննդատան ու հիվանդանոցի խնդիրը:
Նշենք, որ 17 գյուղական համայնքների սպասարկող Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատունը հունվարից չի ֆինանսավորվում, աշխատակիցները աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են կանգնած։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 3-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Մարալիկի առողջության կենտրոնում տեղակայված Մարալիկի ծննդատան 100-ից ավելի աշխատակիցներ, ինչպես նաև նրանց միացած մեծ թվով ծննդկաններ ու մի քանի գյուղերի բնակիչներ պահանջում էին, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքի իրենց խնդրանքին: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին. «Այսօր առավոտյան ծննդատան տնօրեն Վռամ Մելիքյանը մեզ ամանորյա նվեր մատուցեց՝ ասելով, թե կառավարությունը որոշել է, որ ծննդատունը պետք է փակվի ու այսուհետ ծննդկանները պետք է օգտվեն Գյումրիի բժշկական կենտրոնի ծննդատնից: Նման անհեթեթ անակնկալ մենք չէինք սպասում: Էս ծննդատունը դեռ սովետական տարիներից է գործել ու ամեն տարի 100-150 ծնունդ է ընդունում: Ծննդատունը սպասարկում է 17 գյուղ և կան գյուղեր, որտեղից Գյումրի գնալու համար պետք է կտրեն ու անցնեն 20-40 կիլոմետր: Հետաքրքիր է՝ տնօրենը հայտնել է իրավասու մարմիններին, որ այս ծննդատունը մի քանի սերունդների կյանք է պարգևել»: