«Ժողովուրդ ջան, ես մինչև վերջ ձեր կողքին եմ, ցավներդ տանեմ: Համայնքապետարանից մենակ իմ դիակը կարան հանեն, ես դուրս եկողը չեմ, այ էն մյուս կողմում կանգնածները աթոռի հոտ են առել, դրա համար էլ իմ դեմ են դուրս եկել»,-այս մասին քիչ առաջ հայտարարեց Շիրակի մարզի Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը:
Նշենք, որ շուրջ մեկ ամիս է Անի համայնքի բնակիչները ակտիվորեն պահանջում են Գևորգյանի հրաժարականը՝ միևնույն ժամանակ խափանելով համայնքապետարանի բնականոն աշխատանքը: Սակայն այսօր իրավիճակն այլ ընթացք է ստացել, և համայնքապետն իր համակիրների հետ միասին փակել է Գյումրի-Երևան ճանապարհն ու պահանջում են բացել համայնքապետարանի շենքը և թույլ տալ բոլորին շարունակել աշխատանքը։
Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը քիչ առաջ բանակցում էր համայնքապետի հետ, որից հետո վերջինս միացավ երկու մասի կիսված ցուցարարներին և հայտարարեց, որ բանակցությունները կշարունակվեն, և որ միևնույնն է՝ նա չի հեռանալու Անիի համայնքապետի իր աթոռից: