Այսօր առավոտից Գյումրի-Երևան ճանապարհի Մարալիկի հատվածում ցուցարարները փակել են ճանապարհը։ Նրանք պահանջում են Անիի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը:Երթևեկությունը կաթվածահար է եղել, վիճաբանություն է սկսվել մեքենաներով երթևեկողների ու ճանապարհ փակած քաղաքացինների միջև, սակայն վերջիններս վճռական են տրամադրված, չեն պատրաստվում բացել ճանապարհը՝ մինչև արձագանք չստանան:
Մարալիկցիների խոսքով՝ տևական ժամանակ է, ինչ իրենք բողոքում են, սակայն կառավարությունն անտեսում է իրենց պահանջները։ Նրանք պնդում են՝ կան ապօրինություններ, և ՀՀԿ-ական համայնքապետը 15 տարի խաբել ու թալանել է, բայց պատժող չկա։ Մարալիկցիներն այս հարցը բարձրացրել են նաև Նիկոլ Փաշինյանի՝ Մարալիկ կատարած այցի ժամանակ: Վարչապետն էլ առաջարկել էր ստորագրություններ հավաքել ու հարցը լուծել: Ստորագրությունները հավաքել են, ուղարկել են կառավարություն ու դեռ տեղեկություն չունեն, թե ինչ ընթացք է այն ստանալու:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Անիի համայնքապետի տեղակալ Մարտիրոս Դարբինյանն ասաց, որ բնակիչների համար ճանապարհ փակելը սովորական երևույթ է դարձել․ «Երբ ուզում են՝ փակում են, երբ ուզում են՝ բացում են։ Պարոն Գևորգյանը չի պատրաստվում և չի էլ տալու հրաժարական։ Մենք մեր աշխատանքը բոլոր համայնքների հետ շարունակում ենք»,- նշեց նա։
Նրա կարծիքով՝ բողոքի ակցիայի մասնակիցներն ուղղորդվում են ինչ-որ մեկի կողմից․ «Եթե չուղղորդվեն, ո՞վ է իրենց ղեկավարում, ես նրանց ճանաչում եմ, նրանց մեջ ղեկավար էլ չկա։ Պարոն Գևորգյանը ցուցարարներին չի հանդիպել, որովհետև անիմաստ է։ Այնքան ենք հանդիպել, բայց իրենց պահանջը մեկն է՝ հրաժարական են պահանջում ու վերջ, բայց ինչի՞ համար են պահանջում։ Պետական վերահսկողական ծառայությունը եկել է համայնքապետարան, ստուգումներն ընթացքի մեջ են, երբ դրանք կվերջանան՝ նոր կպարզվի՝ խախտումներ կան, թե՝ ոչ»,- ասաց համայնքապետի տեղակալը՝ նշելով՝ համոզված է, որ խախտումներ չեն հայտնաբերվելու։
Նշենք, որ գրեթե 1 տարի է, ինչ բնակիչները պահանջում են Արտակ Գևորգյանի հրաժարականը, սակայն նախորդ տարվա վերջին համայնքապետը հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ․ «Ժողովուրդ ջան, ես մինչև վերջ ձեր կողքին եմ, ցավներդ տանեմ: Համայնքապետարանից մենակ իմ դիակը կարան հանեն, ես դուրս եկողը չեմ, այ էն մյուս կողմում կանգնածները աթոռի հոտ են առել, դրա համար էլ իմ դեմ են դուրս եկել»,- ասել էր Շիրակի մարզի Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը: