Արմավիրի մարզում, այսօր՝ մայիսի 20-ին, արդեն 1.5 ժամից ավելի է, Երեւան-Արմավիր ավտոճանապարհին Զվարթնոց թաղամասի սեփական տների բնակիչները հերթական անգամ փակել են ճանապարհը՝ հայտարարելով, որ մինչեւ խմելու ջրի խնդիրը չլուծվի, իրենք ճանապարհը չեն բացելու։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բնակիչներն ասել են. «Ամեն տարվա էս սեզոնին ջրի խնդիրը չի լուծվում։ Խոստանում են, որ գոնե օրական կանոնավոր՝ 8 ժամ ջուր կտան, սակայն ոչ մի օգուտ։ Տարիներ առաջ հերթական անգամ փակեցինք ճանապարհը, ջուրը տվեցին, բայց դա կարճ տեւեց։ Հիմա ստիպված փակել ենք ճանապարհը՝ վստահ լինելով, որ միայն նման ձեւով խնդիրը կլուծվի»։
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարել ոստիկանության աշխատակիցները, սակայն ակցիայի մասնակիցները չեն բացում ճանապարհը: