Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Փարաքար գյուղի մեծ թվով բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել էին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկը։ Նրանք դժգոհ են մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հերթական որոշումից, քանի որ մարզպետը չգիտես ինչու որոշել է աշխատանքից ազատել գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանին։
«Մարզպետը երբեք չի հետաքրքրվել դպրոցի կյանքով, ինչո՞ւ է որոշել, որ տնօրեն Վարազդատ Հակոբյանը պետք է ազատվի աշխատանքից: Հոգնել ենք մարզպետի անօրիանական որոշումներից։ Ուզում ենք կառավարությունը հետամուտ լինի, որպեսզի Ղահրամանյանը վերանայի որոշումը»,- վրդովված ասում էին բնակիչները՝ նշելով, որ հակառակ դեպքում այլ քայլերի կդիմեն։
ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Փարաքարի համայնքապետ Սամվել Վարդանյանը փոխանցեց, որ Արմավիրի մարզպետարանի կրթության և գիտության վարչության պետ Գայանե Սայադյանը եղել է Փարաքարի միջնակարգ դպրոցում և հայտնել մարզպետի որոշումը, ըստ որի հիմնական դպրոցը պետք է միավորվի միջնակարգ դպրոցին․ «Մարզպետը որոշել է, որ հիմնական դպրոցի տնօրենը պետք է լինի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Ժողովրդին վրդովեցրել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի այս որոշումը։ Ասում են՝ որոշման մեջ լրիվ այլ բան էր ասվում, թե որ դպրոցը որին պետք է միանա: Համայնքի բնակիչները խնդրել են պատասխանել իրենց հարցերին և քանի որ վարչության պետը չի կարողացել պատասխանել իրենց, դուրս են եկել և փակել փողոցը»,- ասաց նա։
Համայնքապետը նշեց, որ Ժողովուրդն արդեն բացել է ճանապարհը, սակայն պայմանով, որ վաղն առավոտյան պատասխան ստանա մարզպետ Աշոտ Ղահրամանյանից։
Մենք զրուցեցինք նաև Փարաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանի հետ, ով ասաց, որ իր աշխատանքից ազատման մասին ինքն իմացել է ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի 27-ին, իսկ ծնողները հանկարծակիի են եկել և պահանջել, որպեսզի նա աշխատի մինչև իր պաշտոնավարման ավարտը՝ 2018 թ-ի հուլիսը․ «Ես պարոն Ղահրամանյանի հետ զրույց եմ ունեցել և ընդամենն իմ կարծիքն եմ ասել, եթե հնարավոր է մնամ աշխատեմ, բայց եթե հարմար չեն գտնում՝ իրենց որոշումն է, մարզպետն է որոշողը։
Ես բնակիչներին հետ պահեցի փողոց դուրս գալու ու փակելու որոշումից, քանի որ դա ճիշտ չէ, բայց ապարդյուն։ Ես ասել եմ ժողովուրդ ջան այդպես հարց չեն լուծում, խնդիրը լուծելու համար դիմեք ԿԳ նախարարություն, կառավարություն, մարզպետարան, քանի որ վերջիվերջո մարզպետն է որոշում, ով պետք է լինի դպրոցի տնօրեն։ Իսկ ճանապարհ փակելը սխալ է և դրանով հարց չի լուծվի»։
Նա նշեց, որ փողոցը փակելու ժամանակ ներկա են եղել նաև օրինապահ մարմինների ղեկավարներ․ Արմավիրի մարզային վարչության պետը, Վաղարշապատի բաժանմունքի պետը և այլք, ովքեր փորձել են խոսել ծնողների հետ, և ի վերջո վերջիններս բացել են ճանապարհը, որոշվել է, որպեսզի խումբ ձևավորվի և վաղը գնան մարզպետի մոտ։
Իսկ, թե ինչո՞ւ է մարզպետը որոշել, որ Վարազդատ Հակոբյանը չպետք է տնօրինի դպրոցը, այլ մեկուրիշը, վերջինս չկարողացավ ասել։
Լուսանկարները՝ shamshyan.com-ի