ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանցիներն Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակել են՝ որպես հիմք ներկայացնելով Արցախում ընդերքի շահագործման հետ կապված հնարածին խնդիրները։
Պատահական չէ, որ օրեր առաջ, ադրբեջանական քարոզչական ալիքներում հանքի բեռնատարների լուսանկարներ հայտնվեցին, որոնցում նաև նշվում էր, որ հայերն ապօրինի շահագործում են հանքերը։
Ի դեպ, Ադրբեջանը նաև կեղծ տեղեկություններ էր շրջանառում իրանական դիվերսիոն խմբերի Արցախում գտնվելու վերաբերյալ։
Ինչևէ, Ադրբեջանն օգտագործում է հայաստանյան իշխանությունների հնչեցրած հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքը և այն դիտարկում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Մյուս կողմից՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմաններում, Ադրբեջանը փորձում է միջանցքի նկատմամբ հսկողության հիմքեր գտնել, որպեսզի ռուսական կողմի հետ շփումներում ցույց տա, թե ստիպված է գնում նման քայլի։
Իրականում Հայաստանն Արցախին կապող միջանցքը փակելու որևէ հիմք Ադրբեջանը չունի, դա լավագույնս գիտակցում են նաև Մոսկվայում։
Դե Հայաստանի իշխանությունների հանգամանքը անիմաստ է քննարկել, նրանք թեմայի հետ կապված անտարբեր են և այն համարում են բացառապես ռուսների խնդիրը»։