ՀՀ ԿԱ ՊԵԿ Վանաձորի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Կարատ» ՍՊ ընկերության տնօրեն Սամվել Հարությունյանը 20.05.2009թ. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից ստացել է Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիան և իրավունք ձեռք բերել Լեռնապատի համայնքի տարածքում գտնվող հանքավայրից իրականացնելու 500մ3 անդեզիտաբազալտների և գրանիտոիդների փորձնական հանույթ:
Սակայն, ըստ նրան առաջադրված մեղադրանքի, խախտելով ուսումնասիրման լիցենզիայի պայմանագրի, ինչպես նաև «Ընդերքի մասին» և «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենսդրության առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի), նշված հանքավայրից 2009թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է անդեզիտաբազալտների և գրանիտոիդների 8.720մ3 ապարների, ինչպես նաև 4.200 մ3 կավաավազի և կավախճի հանույթ: Արդյունահանված8.720մ3 անդեզիտաբազալտային ապարները տեղափոխվել են «Քարաբերդ» ՍՊ ընկերության տարածքում գործող աղացը, վերամշակվել, ստացված խիճը իրացրել տարբեր ընկերությունների: Ծավալած ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառել է խոշոր չափի' 1.611.200 դրամ գումարի վնաս:
ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պետությանը խոշոր վնաս պատճառելով ապօրինի ձեռնարկատիրություն, առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ս. Հարությունյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը' դատավոր Ս. Բաղդասարյանի նախագահությամբ, գտել է, որ ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պատճառաբանությունները, թե ինքը առանց հատուկ թույլտվության 2009 թվականի հոկտեմբեր ամսից մինչև դեկտեմբերի 26-ը «Կարատ» ՍՊԸ-ին տրամադրված Լեռնապատ համայնքի տարածքում գտնվող հանքավայրից 8.720 մ3 անդզիտաբազալտային ապարների արդյունահանում չի կատարել, դրանց վերամշակմամբ խիճ չի ստացել, այն չի իրացրել և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը խոշոր չափի 1.611.200 դրամի վնաս չի պատճառվել, անհիմն են, նպատակ են հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից ու պատժից:
Դատարանը դատավճռով ամբաստանյալ Սամվել Հարությունյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել տուգանքի Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի' 700.000 ՀՀ դրամի չափով, առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու և որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկման:
Հեղինակ:
«Փաստինֆո»