«Փաստ» օրաթերթը գրում է.
Քաղաքաշինության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը, շինությունները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը հաստատելու մասին» նախագիծը: Դրա ընդունման արդյունքում ակնկալվում է պարզեցնել վթարային, շահագործման համար ոչ պիտանի շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը, կյանքի կոչել նմանատիպ շենքերի կազմաքանդման ծրագրային առաջարկները, մարզերում և համայնքներում տարածքային զարգացման ծրագրերը, նպաստել քաղաքաշինական արդի միջավայրի ձևավորմանը և զարգացմանը, շենքերի և շինությունների անվտանգ շահագործմանը:
Նշվում է, որ Հայաստանում առկա վթարային շենքերի ու շինությունների շահագործման սահմանված նորմատիվային ժամկետները լրացել են, և դրանց պահպանման և անվտանգ շահագործման կամ քանդման համար բավարար ծավալով միջոցառումներ չեն իրականացվել: Արդյունքում ֆիզիկական մաշվածության, բնական և տեխնածին աղետների ազդեցության հետևանքով շենքերի ու շինությունների զգալի մասը հայտնվել է անբավարար կամ վթարային տեխնիկական վիճակում: Առկա են բազմաթիվ բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքեր, որոնց ընթացիկ վերանորոգում պահանջող թերությունների ոչ ժամանակին վերացումը կամ վերջիններիս կրող կոնստրուկցիաների ձևափոխության և ամբողջականության խախտման անթույլատրելի միջամտությունները շենքերի սեյսմակայունության մակարդակի նվազեցման պատճառ են դարձել՝ հանգեցնելով վթարային տեխնիկական վիճակի, իսկ հետագայում՝ հնարավոր վթարների առաջացման: Նման շենքերը սեյսմակայունության տեսանկյունից հուսալի չեն, և դրանց հետագա շահագործումը վտանգավոր է բնակչության անվտանգության և շրջակա միջավայրի համար:
Շենքերի և շինությունների վերաբերյալ ամփոփ տվյալների հավաքագրման և գույքագրման համար առավել արդյունավետ միջոց է համարվում դրանց անձնագրավորումը: Սակայն շատ դեպքերում տեխնիկական փաստաթղթերը պահպանված չեն, շենքերը չունեն անձնագրեր, արդյունքում դրանց կառավարումը, պահպանումը և շահագործումն իրականացնող մարմինները կամ սեփականատերերը չեն տիրապետում անհրաժեշտ տեխնիկական տվյալների: Իրավական համապատասխան նորմերի համաձայն՝ շենքերը ենթակա են քանդման կամ հետագա շահագործման միայն տեխնիկական վիճակի հետազննության արդյունքներով: Դրանք կարող են նաև վերականգնվել և ամրացվել: Այս բոլորի համատեքստում բացառություն են կազմում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները և պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտները: