«Փաստ» օրաթերթը գրում է.
Փաշինյանական իշխանության նախաձեռնությունների շարքում «Ակադեմիական քաղաքի», այսպես ասենք՝ սուպեր-գաղափարը բավականին աղմկահարույց եղավ, կրքեր բորբոքեց, դժգոհություններ հարուցեց: Թեպետ, այս իշխանությունների այդ ո՞ր մի նախաձեռնությունն այդպիսին չի եղել: Սա, եթե մի պահ վերանանք սահմանազատման ու սահմանագծման անվան տակ Հայաստանի Հանրապետության սահմանների ու տարածքային ամբողջականության կամայական վերաձևումներից, որոնք արվում են գերազանցապես ի շահ մեր թշնամիների:
Ինչ վերաբերում է «Ակադեմիական քաղաք» նախագծին, ապա արդեն առիթ ունեցել ենք դրա վերաբերյալ մեր որոշակի վերապահումներն ու դիտողությունները ներկայացնելու՝ նշումով, որ դա ավելի շուտ ակադեմիական «համակենտրոնացման ճամբարի» կամ «գետտոյի» տպավորություն է թողնում: Ավելին, հանրության ակտիվ շրջանակներում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ այդ ամբողջ նախագծի հիմնական թիրախը մայրաքաղաքի կենտրոնում գտնվող բուհերի, գիտական հաստատությունների շենքշինություններն են:
Այսինքն, կան ոչ անհիմն ենթադրություններ, որ փաշինյանական իշխանությունն ընդամենը ցանկանում է թանկարժեք կետերում գտնվող, որոշակի դեպքերում ոչ պակաս թանկարժեք շենքերը տնօրինել որոշակի շահույթով (վաճառել կամ վարձակալության հանձնել: Բայց ամենից կարևորը՝ այդ վայրիվերումների հետևանքով Հայաստանի բուհական կրթության համակարգը ու գիտական հաստատությունները, մեծ հավանականությամբ, կա՛մ վերջնականապես կխորտակվեն, կա՛մ էլ ավելի կթուլանան: Այն աստիճան, որ ապագայի «Ակադեմիական քաղաքում» նրանց տեղավորելու համար բավարար կլինի թեթևակի «ակադեմիական հանրակացարանը»: Ինչևէ: Նախօրեին «Ակադեմիական քաղաք» նախագծի մասին երկար-բարակ քննարկումներ եղան: Ամենից հետաքրքիրն այն էր, որ այդ «քաղաքի» գլխավոր հատակագիծը մշակում է երկարաշունչ անվանումով օտարերկրյա ընկերություն:
Հարց է ծագում. Հայաստանի նախագծող ճարտարապետները, շինարարները վերացե՞լ են, այլևս չկա՞ն հայկական նախագծող ընկերություններ, որ այդ աշխատանքներն իրականացնում են օտարերկրացիներ: Լավ, դա իր հերթին: Նախագծող ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլի ասածները ոչ պակաս ուշագրավ են: Այսպես. նախատեսվում է, որ «ակադեմիական քաղաքի» վերջնական նախագիծը կհաստատվի մինչև տարեվերջ, առաջին շենքը շահագործման պատրաստ կլինի միայն 2029 թվականին, իսկ «ակադեմիական քաղաքն» ամբողջությամբ՝ 2030 տարի հետո: Ավելին, նախագծի իրականացման համար կպահանջվի մոտ 5,7 միլիարդ դոլար, բացի գիտակրթական հաստատություններից, տարածքում կլինեն նաև ռեստորաններ, առևտրի կենտրոններ, այլ հասարակական օբյեկտներ:
Մի խոսքով՝ «Նյու-Վասյուկին» մանկական խաղուպար է փաշինյանական «ակադեմիական քաղաքի» համեմատ: Եվ, միևնույնն է, հարցերն ավելի են սրվում: Առաջինը. ի՞նչ իմաստ ունի միլիարդավոր դոլարներ ծախսել՝ ունենալու համար մի ինչ-որ «ավան», եթե կարելի է այդ նախագծի համար հաշվարկվող միջոցների անգամ 10 տոկոսով էապես խթանել այժմ իրենց ավանդական «նստավայրերում» գործող բուհերի ու գիտական հաստատությունների գործունեությունը: Երկրորդ. իսկ այդ ո՞վ է փաշինյանական իշխանություններին կամ որևէ մեկին հավաստիացրել, որ 15-20, էլ չենք ասում՝ 25-30 տարի հետո գիտակրթական գործընթացն էապես փոխված չի լինի, մասնավորապես պահանջվող շենքային պայմանների հետ կապված: Այսինքն, մինչև մի նախագիծ հաստատեն, մինչև մի 30 տարի այն իրականացնեն, այն ուղղակի բարոյապես կհնանա, այլևս չի համապատասխանի 21-րդ դարակեսի իրողություններին ու պահանջներին: Բայց այս ամենի հետ կապված կա մեկ այլ, ոչ պակաս էական ենթատեքստ: «Ակադեմիական քաղաքը», կարելի է ասել, իդեալական «փաշինյանական» նախագիծ է: Ինչո՞ւ ենք այդպես բնորոշում:
Հիմնականում այն պատճառով, որ այն ենթադրում է զրոյական պատասխանատվություն: Տեսեք, նախագծի իրականացման համար նախաձեռնողները նշում են 20-30 տարի: Երբ այդպես են ասում, ապա արժե նկատի ունենալ, որ դա էլ կարող է 30-40 դառնալ: Դե՝ 5 տարի այս կողմ, 15 տարի այն կողմ: Ինչպես ժողովուրդն է ասում՝ մինչև այդ «ով՝ մեռած, ով՝ սաղ»: Այսինքն, չկա ոչ մի պատասխանատվություն: Այսօր մի բան կհայտարարի Փաշինյանը, ասենք՝ 2050 թվականին ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դառնալու կամ 2070-ին Արագածի լանջերին ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու մասին: Նրա ու ՔՊ-ի «ֆան ակումբը» ոգևորված կծափահարի, դա կուռճացնեն քարոզչական անասելի աստիճան ու... կգնան հերթական սարը թշնամուն հանձնելու «գործընթացը» գլուխ բերելու: Կանցնեն տասնամյակներ:
Մարդիկ կնայեն «ակադեմիական քաղաքի» կիսակառույց մնացած շինություններին, միգուցե պատասխան կպահանջեն, բայց ումի՞ց: Զավեշտ է, բայց մի կառավարություն, որը նույնիսկ 2-3 ամսվա կտրվածքով չի կարողանում անգամ հասարակ բաներ պլանավորել, նստել ու 20-30 տարվա հեռանկարով նախագիծ է գովերգում... «Ակադեմիական քաղաքը», ասում են, կլինի մի 20-30 տարի անց, մի 5-6 միլիարդ դոլար ծախսով: Հա, բայց եղած բուհական ու գիտակրթական համակարգը արդեն երեկվանից են սկսել խարխլել: Երևի այն նկատառումներով, որ նախանշած 20-30 տարվան հասնող էլ չլինի, իսկ «ակադեմիական քաղաքի» նախագծից էլ իրագործելու ենթակա մնան միայն ռեստորանները, առևտրի կենտրոնները և հասարակական այլ օբյեկտները: Այդ ամենը մեզ թույլ է տալիս նկատել, որ «ակադեմիական քաղաքը» ավելի շուտ «փուչիկ» է՝ քարոզչական մաստակներով սնվողների համար:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ