Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իլքնուր Չևիքը անդրադարձել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում (ՀԻՔԻ-IKBY) այսօր ընթացող անկախության հանրաքվեին և դրա հենարավոր հետևանքներին:

«Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝  Չևիքը մասնավորապես նշել է, որ հանրաքվեի արդյունքում Քուրդիստանի անկախության հռչակման, սակայն Եվրամիության կողմից այդ արդյունքների մերժման դեպքում տարածաշրջանում արդյունահանվող նավթի առևտուրն անօրինական կդառնա:

Էրդողանի գլխավոր խորհրդականը մասնավորապես ասել է. «Մենք չենք կարողանալու նրանց նավթ վաճառել: Ոչ թե չենք վաճառի, այլ հենց չենք կարողանա վաճառել: Քրդական նավթ ասվածը իրականում Իրաքի նավթն է: Միայն անկախության հռչակմամբ նավթն անմիջապես քրդական չի դառնում, իսկ քանի դեռ ԵՄ-ն չի ճանաչել, այդ անկախությունն իրականում անկախություն չէ: Միջազգային պայմանագրերի համաձայն այդ տարածքների ընդերքի հարստությունը պատկանում է Իրաքի կենտրոնական իշխանությանը: Մենք կենտրոնական իշխանության թույլտվությամբ էինք քրդական նավթը վաճառում»:

Չևիքը հավելել է, որ անկախացումը և որպես հետևանք քրդական նավթի վաճառքի դադարեցումը, փաստորեն, Բարզանիի համար ինքնասպանության պես մի բան կլինի:

Նա նաև անդրադարձել է քրդական ինքնավարությանի հետ առևտրատնտեսական կապերին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այդ կապերի խզումից քրդական կողմն ավելի շատ վնասներ կկրի, քան թուրքական կողմը.

«Հյուսիսային Իրաքը միակ տարածաշրջանը չէ, որի հետ մենք տնտեսական կապեր ունենք, արտահանում ենք կատարում: Բայց Թուրքիան նրանց համար իսկապես կենսատու երակ է», -հավելել է Էրդողանի գլխավոր խորհրդականը:

Չևիքը նաև պնդել է, որ չնայած տարածված կարծիքին՝ Թուրքիան բոլորովին չի մտահոգվում, թե Հյուսիսային Իրաքի անկախացումից հետո Թուրքիայում բնակվող քրդերը նույնպես ոտքի կելնեն, անկախություն կպահանջեն: Նրա խոսքով՝ Թուրքիայի քրդերը շատ գոհ են իրենց կյանքի պայմաններից, իսկ Հյուսիսային Իրաքում այդ պայմանների անգամ  1 տոկոսը չկա:

 

Աղբյուր`    Ermenihaber.am