Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի շուրջ ծավալվող իրադարձությունները սեպտեմբերի 26-ին դրամատիկ զարգացում էին ստացել ուսանողների դասադուլով: Բուհի ռեկտոր Սահակ Մինասյանն արձագանքեց դասախոսների և ուսանողների մեղադրանքներին: Զրուցեցինք նաև ուսանողների հետ, պարզվեց բուհի գրադարանի որոշ գրքերի՝ մակուլատուրա հանձնման պատճառները:
Ինչու են աղմկում ուսանողները
Վարձավճարների զեղչային համակարգի հետ կապված խնդիրները սեպտեմբերի 26-ին ուսանողների կողմից հայտարարված դասադուլի միայն մեկ պատճառն էր: Առավոտյան բուհ եկել, բայց լսարաններ չէին մտել հիմնականում պատմաբանասիրական ֆակուլտետի ուսանողները: Վերջիններս «Վերանայել ուսումնական պլանները», «Մենք դեմ ենք վարձերի զեղչերի կրճատմանը», «Չեղյալ համարել գիտխորհրդի որոշումը» ցուցապաստառներով համալսարանի բակում էին: Վերջին պահանջը վերաբերում է բուհի գիտխորհրդի՝ սեպտեմբերի 25-ի որոշմանը, որով պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանին անվստահություն է հայտնվում: Պատճառն ըստ դասադուլ անող ուսանողների՝ դասախոսներից երկուսի՝ Գագիկ Համբարյանի եւ Հովհաննես Խորիկյանի, ռեկտորի որոշումների դեմ ուղղված բաց նամակ էր: Դասախոսների խոսքերով՝ բաց նամակի անհրաժեշտությունը վաղուց էր առաջացել, երբ պարզ դարձավ, որ ինստիտուտի՝ տարիների տնտեսած գումարն անհարկի ծախսվել է, բացի այդ ռեկտորն աշխատանքի է տեղավորել իր մտերիմ շրջապատի մարդկանց եւ բարձր աշխատավարձ է սահմանել իր ու վարչական մյուս աշխատողների համար, փոխարենը ժամերից զրկվել են շատ վաստակաշատ դասախոսներ:
«Դասերը թերբեռնված կուրսերում են իրականացվում, շաբաթական ծանրաբեռնվածությունը մեզ մոտ 12 ժամ է, անցկացվում է Հայաստանում գոյություն չունեցող ինտեգրված ուսուցում, իսկ հեռակա բաժնում դասավանդելու դիմաց դասախոսը ոչ մի լումա չի ստանում՝ այն դեպքում, երբ պարոն ռեկտորը ուսանողներից գանձում է ամբողջ վարձավճարը»,- նշեցին դասախոսները՝ հավելելով, որ որոշ աշխատակիցներ, օրինակ, վարորդները կամ հսկիչն ու օգնականը ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան դասախոսները:
Արձագանքում է ռեկտորը
Այս ամենին ի պատասխան Սահակ Մինասյանը փաստեց՝ բաց նամակում բերված փաստարկները բուհի բարեփոխումներին միտված միջոցառումները խեղաթյուրված ներկայացնելու փորձ են. ավելին՝ այս ամենը փորձ է խոչընդոտելու բուհի զարգացմանը, կարգ ու կանոնի, ուսանողակենտրոն և բարձրորակ կրթական միջավայրի հաստատմանը: Գումարները ծախսվել են նպատակային՝ համալսարանի՝ վերջին 1 տարվա տեխնիկական վերազինումը, շենքային պայմանների բարելավումն ակներև են, և նույնիսկ վերջին 10 տարում իրականացված բարեփոխումների հետ անհամեմատ: Իսկ կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունքում 2017-2018 ուստարում, երբ հանրապետության գրեթե բոլոր բուհերում ուսանողների թվաքանակը նվազում է, ՇՊՀ-ում անցած տարվա համեմատությամբ առաջին կուրսեցիների թիվն ավելացել է շուրջ 100-ով: Աշխատավարձերը ևս մյուս բուհերի համեմատ բարձր է: Վերադառնալով պատմության ամբիոնին ռեկտորը նշեց. «Ամբիոնում խնդիր կա՝ փաստ է, չեմ կարող ասել, որ այդ խնդիրը կապված է միայն ամբիոնի վարիչի հետ և այդ կարծիքին էլ չեմ: Խնդիրը սկիզբ է առել մինչ իմ պաշտոնավարումը՝ ամբիոնի վարիչի ընտրություններին: Ցավոք, չենք կարողացել համակողմանի լուծումներ առաջարկել, բայց որ ամբիոնում խնդիր կա ՝ հաստատ, որը հաստատ համոզված եմ կլուծենք»: Գիտական խորհուրդը ամբիոնի վարիչի պաշտոնակատար չի նշանակում և չի ազատում, այլ կարող է միայն կարծիք ու միջնորդություն ներկայացնել:
Գրքերը «հիվանդ» էին
Շիրակի պետական համալսարանի ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի տնօրեն Թերեզա Խաչատրյանը մեզ ի հետ ունեցած զրույցի ժամանակ անդրադառնալով սոցիալական ցանցում գրադարանի գրքերի ոչնչացման մասին լուսանկարներին տեղեկացրեց, որ դրանք հիմնականում գործածության համար չափազանց հին գրքեր են:
«Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի գրքապաշարն ունի թարմացման, նոր գրքերով համալրման անհրաժեշտություն: Հաշվի առնելով գրապահոցներում գտնվող գրքերի մաքրության ծանր վիճակը՝ գրքերի որոշակի մասը մոտավորապես 20 %-ը՝ կախված ոլորտային ուղղվածությունից, տեղափոխվել են ամբիոններ: Գրքերի տեղափոխումը ամբիոն չի նշանակում, որ դրանք դառնում են ամբիոնի սեփականությունը: Դրանք շարունակում են կազմել գրադարանի գրապաշարների մասը: Պարզապես գրքերը հանձնվում են ամբիոններին՝ ժամանակավոր օգտագործման նպատակով: Այդկերպ ապահովվում է գրքերի տեսանելիությունը դասախոսների և ուսանողների համար, ինչն էլ հիմք է՝ օգտագործման համար»,- նշեց Թերեզա Խաչատրյանը հավելելով, որ մակուլատուրա հանձնվել են՝ «հիվանդ» գրքերը, որոնց հետ շփումը վնասակար է եղել ինչպես գրադարանի աշխատողների, այնպես էլ օգտվողների առողջության համար: «Խոսքը ֆիզիկապես մաշված, սնկային հիվանդություն ունեցող գրքերի մասին է, մյուսներն էլ գործածության համար չափազանց հին գրքեր էին: Անգլերենի, մանկավարժության, աշխարհագրության, կենսաբանության, քիմիայի, պատմության և այլ ոլորտների մասնագետներն իրականացնել են տարբերակման գործընթաց: Մակուլատուրա հանձնվել են միայն այն գրքերը մոտավորապես 1200-1500 կտոր գիրք , որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան ոլորտային մասնագետների կողմից բացասական գնահատականներ: Ավելացնեմ, որ ուղիղ 2 շաբաթ առաջ գրադարանը համալրվել է 1037 կտոր նոր գրականությամբ: Ավելին, առաջիկա 1 ամսվա ընթացքում գրադարանի աշխատողների կողմից կազմվելու են մասնագիտական գրականության ցուցակներ՝ հիմնվելով ամբիոնների աշխատակազմի և ուսանողների պահանջների վրա»,- նշեց պատասխանատուն: