Բրյուսովի անվան պետական համալսարանն արձագանքել է Գլխավոր դատախազության հաղորդագրությանը, որը վերաբերում էր համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի նկատմամբ մեղադրանքներ առաջադրելուն:
Հայտարարությունում ասվում է. «2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ գաղտնի քվեարկության արդյունքներով ԲՊՀ բոլոր ստորաբաժանումների կողմից առաջադրված թեկնածու Կարինե Հարությունյանը ստացել է հոգաբարձուների խորհրդի անդամների 12 կողմ ձայն, իսկ ինքնաառաջադրված Դավիթ Գյուրջինյանը՝ 8 կողմ ձայն։ Հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են արձանագրությունը, որի համաձայն Կարինե Հարությունյանը ընտրվել է ԲՊՀ-ի ռեկտոր։ Քվեարկության արդյունքները միաձայն հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կողմից։ Ռեկտորի ընտրության համար գումարված հոգաբարձուների խորհդի նիստը նախագահել է ՀՀ փոխվարչապետ, հոգաբարձուների խորհդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը։ Որպես կանոն հոգաբաձուների խորհդի կողմից ընդունված որոշումները և արձանագրությունները խորհրդի նախագահը ստորագրել է խորհրդի քարտուղարի կողմից պատրաստելուց հետո մեկ-երկու օրվա ընթացքում։ Նման գործելաոճը կիրառվել է նախկինում հոգաբարձուների խորհդի բոլոր նախագահների կողմից։ 2022 թվականի դեկտեմբերի 9-ով թվագրված արձանագրությունը և որոշումը նիստի անցկացումից հետո առաջին աշխատանքային օրը, ընդունված գործելաոճի համաձայն, փոխանցվել է Համբարձում Մաթևոսյանի օգնականին՝ ստորագման ներկայացնելու համար։ Սակայն Համբարձում Մաթևոսյանը անհասկանալի ու անհայտ պատճառով հրաժարվում է ստորագրել արձանագրությունը և որոշումը։ ԲՊՀ-ն արձանագրությունը և որոշումը նաև փոստային կապի միջոցով առաքել է Համբարձում Մաթևոսյանին և մինչ օրս, կրկին պատասխան չի ստացվել։
Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ԲՊՀ-ն գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին և ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ ԲՊՀ ռեկտորի պաշտոնում Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները հաստատելու համար։ Գրությանը կցվել են հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, հոգաբարձուների խորհդի նիստին ներկա անդամների ցանկը, նիստի արձանագրությունը խորհրդի քարտուղարի ստորագրությամբ, ինչպես նաև խորհդի նիստի տեսաձայնագրությունը։
Ամփոփելով՝ հանգում ենք այն եզրակացության, որ վերոգրյալի բուն նպատակը ռեկտորի ընտրության արդյունքների հաստատման անհարկի ձգձգումն է, քանի որ 2023 թվականի հուվարի 11-ին լրանում է ռեկտորի պաշտոնավարման ժամկետը։
Կոչ ենք անում պատասխանատուներին հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները, քանի որ հակառակ պարագայում կարող է առաջանալ ԲՊՀ-ի կառավարման ճգնաժամ, որից կտուժեն հազարավոր ուսանողներ ու աշխատակիցներ։