«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը 2023 դեկտեմբերի 25-ից դադարել է զբաղեցնել համալսարանի ռեկտորի պաշտոնը:
Մեր տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները նպատակ ունեն համալսարաններում «հեղափոխություն» իրականացնել' հերթով ազատվելով ռեկտորներից՝ իրենց «սրտի անձանց» այդ պաշտոններում նշանակելու համար: Տեղեկացանք, որ այս անգամ պաշտոնից «հեռացումն» իրականացվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի միջոցով, որը համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
Պարզվում է՝ Գեւորգյանը նրա հետ մասնավոր զրույցներ է ունեցել, ակնարկել, որ պետք է հեռանա, թե չէ հնարավոր է ստուգումներ անցկացնեն ու ինչ-որ կոռուպցիոն բացահայտումներ անեն. ճիշտ կլինի առանց սենսացիաների հեռանա:
ArmLur.am-ը կապ է հաստատել Ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու կրկին չի առաջադրվել ռեկտորի պաշտոնում. «Պաշտոնավարումս ավարտվել է, եւ ես չեմ դիմել 2-րդ փուլի համար»: Վերջինս հրաժարվեց այլ հարցերի պատասխանել»: