«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կոռուպցիան ոչ միայն գնալով արմատացել է, այլեւ՝ հասել աներեւակայելի չափերի: Ու չնայած ամեն անգամ այնտեղ աղմկահարույց բացահայտումներին, միեւնույն է, չարաշահումները շարունակվում են:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ Հովհաննես Սահակյանն աշխատանքից ազատել է ծառայության Ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանին: Պատճառը՝ բացահայտված ֆինանսական չարաշահումներն են: Հիմա այնտեղ ընթանում են ստուգումներ, եւ չի բացառվում, որ գործերը հայտնվեն իրավապահների մոտ:
Հիշեցնենք, որ դեռ 2012թ. բացահայտվել էր, թե ինչպես այս ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը մոտ 290 մլն դրամ էր յուրացրել»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այօրվա համարում: