Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանումներ ներկայացնելով Երեւանի համար 157 մանկապարտեզի տնօրենին աշխատանքից ազատելու վերաբերյալ:
Այսօր այդ մանկապարտեզի մոտ ծնողները բողոքի ակցիա էին անցկացրել՝ պահանջելով պաշտոնում վերականգնել տնօրեն Զարա Ադիյանին:
Քաղաքապետարանի հայտարարության մեջ նշվում է.
«Երեւանի հ.157 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Զարա Ադիյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններն ու անհարկի շահարկումները բացառելու նպատակով տեղեկացնում ենք, որ սույն որոշման համար հիմք է հանդիսացել Երեւանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով ստացված ահազանգն առ այն, որ վերոնշյալ մանկապարտեզի տնօրենը չհաշվառված, այսինքն սահմանված կարգով մանկապարտեզ չընդունված երեխայի է թույլատրել հաճախել մանկապարտեզ: Սույն ահազանգի հիման վրա իրականացված վերահսկողության արդյունքներով նաեւ պարզվել է, որ Զարա Ադիյանը «Մանկապարտեզ» էլեկտրոնային հաշվառման համակարգում թույլ է տվել այնպիսի ձևակերպումներ (միջամտություններ), որոնց իրավասությունը չի ունեցել:
Հարկ ենք համարում նաեւ տեղեկացնել, որ պաշտոնից ազատված տնօրենն իր բացատրագրում ընդունել է, որ կատարել է վերոնշյալ խախտումները: Սույնը հաշվի առնելով` հորդորում ենք զերծ մնալ հարցի անհարկի շահարկումներից»: