Հոկտեմբերի 14-22-ը՝ Սոչիում տեղի է ունենալու Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնը՝ «Հանուն խաղաղության, համերաշխության և սոցիալական արդարության մենք պայքարում ենք ընդդեմ իմպերիալիզմի՝ հարգելով մեր անցյալը, մենք կառուցում ենք ապագան» կարգախոսի ներքո:
Երիտասարդական կազմակերպությունները ներկայացնում են լրագրողներ, արվեստի և սպորտի բնագավառի երիտասարդ ներկայացուցիչներ, ինժեներներ և IT մասնագետներ, ձեռնարկատերեր, ուսանողական խորհուրդների ղեկավարներ, երիտասարդ գիտնականներ և դասախոսներ:
Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնին Հայաստանը կներկայացնի 250 անդամից բաղկացած պատվիրակությունը:
Հայկական պատվիրակության թվում են Ռուսաստանի հայերի միության հայկական մասնաճյուղի 33 ակտիվիստ, որոնց հովանավորում է ՌՀՄ նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: Մասնակիցների թվում են «Եղել ենք, կանք, կլինենք» ուսանողների և աշակերտների գրական ստեղծագործությունների միջազգային մրցույթի 20 հաղթող, հայկական դպրոցների աշակերտների շրջանակում կազմակերպված «Երգ բարեկամության կամուրջ է» կարգախոսով ռուսական երգի մրցույթի 8 հաղթող, ՌՀՄ երիտասարդական ասոցիացիայի 7 անդամ և Vesti.am լրատվական կայքի երկու լրագրող:
Պատվիրակության կազմում, որպես փառատոնի հատուկ հյուրեր, ներգրավված են ՌՀՄ Հայաստանի մասնաճյուղի ղեկավարները և գործընկերները: ՌՀՄ Հայաստանի մասնաճյուղի ևս մեկ ներկայացուցիչ Մոսկվայում կմասնակցի շքերթ-դիմակահանդեսի:
ՌՀՄ և համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանի կողմից Երևանում կազմակերպվել էր փառատոնի մասնակիցների և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հանդիպումը: Հանդիպմանը ՌՀՄ նախագահը կոչ է արել մասնակիցներին սիրել, հարգել, հավատալ սեփական ուժերին և միշտ ինքնավստահ լինել:
«Կարևոր է, որ մենք ինքներս հավատանք մեզ, քանի որ հաճախ մարդն ինքն է իրեն վնասում, երբ ինքնավստահ չէ: Մենք պետք է սիրենք, հարգենք և հավատանք ինքներս մեզ: Ցանկանում եմ, որ դուք համերաշխ լինեք: Համերաշխությունը հավատ է, սեր և հարստություն: Մաղթում եմ ձեզ հաջողություն և վստահ եմ, որ դուք արժանիորեն կներկայացնեք մեր երկիրը և կազմակերպությունը Սոչիում»,-ասել է Արա Աբրահամյանը:
Նա նաև հավելել է, որ սիրում է շփվել երիտասարդության հետ, հաճախ հանդիպումներ է անցկացնում նրանց հետ և պատրաստվում է Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի տարածքում երիտասարդական կենտրոններ բացել, որտեղ գործարարները, գիտնականները, ինչպես նաև հաջողության հասած մարդիկ կդառնան երիտասարդների հովանավորները:
Հանդիպման վերջում փառատոնի մասնակիցները շնորհակալություն են հայտնել Արա Աբրահամյանին իրենց հովանավորելու և Հայաստանը Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնին ներկայացնելու հնարավորություն տալու համար:
Լաուրա Աբրահամյան
Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյան
Vesti.am