Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը դեկտեմբերի 16-ին Լյուբլինի վոյևոդության մարզպետարանի դահլիճում հանդիպում ունեցավ ԼՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ գործող «Լյուբլինի դիվանագիտության դպրոց»-ի մասնակիցների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդես գալով դասախոսությամբ՝ դեսպան Ղազարյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրներն ու հարևան պետությունների հետ փոխհարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումները, Հայաստանի մասնակցությունը միջազգային կառույցներին, Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությունը, անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը, դրա միջազգային ճանաչման գործընթացին՝ այդ համատեքստում կարևորելով Լեհաստանի կողմից ցեղասպանության ճանաչման փաստը:

Հանդիպման ընթացքում Էդգար Ղազարյանը ներկայացրեց Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցության հիմնական ուղղությունները՝ շեշտելով, որ վերջին շրջանում լեհ զբոսաշրջիկների մոտ զգացվում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրության զգալի աճ:

Դեսպան Ղազարյանն իր ելույթում խոսեց նաև այս տարի նշվող երկու կարևոր իրադարձությունների՝ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և Լեհաստանում Հայ Առաքաքելական եկեղեցուն շնորհված արտոնության 650-ամյակների մասին, որի ընթացքում տեղեկացրեց Լեհաստանի պատմության և մշակույթի մեջ նշանակալի դերակատարում ունեցած հայազգի գործիչների, ինչպես նաև երկու հոբելյանների շրջանակներում տեղի ունեցած մի շարք գլխավոր միջոցառումների և պատմական բնույթի իրադարձությունների մասին:

Մասնակիցների խնդրանքով դեսպանը ներկայացրեց դիվանագիտական աշխատանքի առանձնահատկությունները, Լեհաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը և պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի: