Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը մարտի 27-ին հանդիպում ունեցավ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահի առաջին տեղակալ Միլուշե Հորսկայի (Miluše Horská) հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, մասնավորապես խոսվեց միջխորհրդարանական փոխգործակցության, մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում երկկողմ կապերի ամրապնդման անհրաժեշտության մասին։ Նախնական համաձայնություն ձեռք բերվեց Միլուշե Հորսկայի հովանավորությամբ Հայաստանի և Չեխոսլովակիայի առաջին հանրապետությունների 100-ամյակին նվիրված մշակութային ձեռնարկ կազմակերպելու վերաբերյալ։
Զրուցակիցներն անդրադարձան նաև փոխադարձ այցերի կազմակերպման հնարավորությանը, դրանց օրակարգի ձևավորմանը և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին առնչվող հարցերին։
Դեսպան Սեյրանյանը զրուցակցին տեղեկացրեց հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի ապակառուցողական մոտեցումների պատճառով չեղարկելու, Ադրբեջանի ղեկավարի՝ Հայաստանի հանդեպ տարածքային պահանջների վերաբերյալ վերջին շրջանի աննախադեպ ռազմատենչ հայտարարությունների մասին։