Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը փետրվարի 8-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ (մարշալեկ) Ստանիսլավ Կարչևսկու հետ (Stanisław Karczewski): ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Սենատի նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել գործունեության մեջ` պատրաստակամություն հայտնելով աջակցել դեսպանին։
Դեսպան Մկրտչյանը, անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը, վստահություն է հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովի նախորդ տարվա արտահերթ ընտրություններից հետո այն ձեռք կբերի նոր դրական որակ և կնպաստի հարաբերությունների զարգացմանը: Կարևորելով ԵՄ և ՀՀ միջև համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը՝ ՀՀ դեսպանը նշանակալից է համարել այն հանգամանքը, որ Լեհաստանի խորհրդարանի ստորին և վերին պալատներն առաջիններից են եղել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը պատշաճ ժամկետներում ավարտին հասցնելու գործում։
Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկին, ընդգծելով միջազգային հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը, հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կշարունակեն ակտիվ գործունեություն ծավալել նաև երկու երկրների խորհրդարանների պատգամավորական բարեկամության խմբերը։ Նա միաժամանակ ընդգծել է Հայաստանի և Լեհաստանի միջև խորհրդարանական փոխայցելությունների կարևորությունը:
Մարշալեկ Կարչևսկին և դեսպան Մկրտչյանն անդրադարձել են վերջին տարիների հոբելյանական իրադարձություններին, Լեհաստանի հայ համայնքի 650-ամյա հոբելյանին Լեհաստանի իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքին, երկու երկրների անկախության 100-ամյակների շրջանակներում իրականացված միջոցառումներին։
Զրուցակիցներն անդրադարձել են ընթացիկ տարում Եվրոպական խորհրդարանի և Լեհաստանի խորհրդարանի ընտրությունների նախապատրաստմանը, երկկողմ հարաբերությունների քաղաքական և տնտեսական արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովմանը և զարգացման հեռանկարներին։ Մտքեր են փոխանակվել նաև արտերկրում բնակվող հայ և լեհ համայնքային զարգացումների շուրջ: