Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը մարտի 31-ին հանդիպել է Լեհաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անջեյ Արենդարսկու հետ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Առևտրաարդյունաբերական պալատի նախագահը ողջունել է դեսպան Ղազարյանի այցը պալատ և հաջողություններ մաղթել նրան իր առաքելության իրականացման ընթացքում՝ ակնկալելով այդ ժամանակահատվածում հայ-լեհական գործարար հարաբերությունների զարգացում: Պալատի նախագան իր խոսքում նշել է, որ հայ-լեհական գործարար կապերը վերջին տարիներին ունեն զարգացման կայուն աճ, սակայն դրանց ծավալները հնարավոր է ավելի զարգացնել:

 

 

Անդրադառնալով ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի. ինչպես նաև ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության հետ Լեհաստանի առևտրաարդյունաբերական պալատի ստորագրած համագործակցության պայմանագրերին' Անջեյ Արենդարսկին գոհունակություն է հայտնել հայ գործընկերների հետ իրենց համագործակցությունից:

 

 

Իր հերթին դեսպան Ղազարյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ նշելով, որ հայ-լեհական գործարար կապերի զարգացումը հանդիսանում է երկու պետությունների հարաբերությունների կարևոր բաղադրիչներից մեկը: Դեսպանը նշել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ստեղծված հեռանկարները՝ շեշտելով այն մրցակցային առավելությունները և գործարար միջավայրում առկա հնարավորությունները, որոնք վերջին տարիներին ստեղծվել են Հայաստանում: Էդգար Ղազարյանի դիտարկմամբ' Հայաստանը կարող է լուրջ գործընկեր հանդիսանալ եվրոպական, մասնավորապես, լեհական ընկերությունների համար ԵՏՄ միասնական տարածքում ակտիվ գործարարությամբ զբաղվելու համար:

 

 

Հանդիպման ավարտին դեսպան Ղազարյանը Լեհաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահին տեղեկացրել է 2015թ. ընթացքում Հայաստանում կայանալիք գործարար համաժողովների ու ցուցահանդեսների մասին՝ առաջարկելով դրանցում դիտարկել նաև լեհական ընկերությունների մասնակցությունը: