Նոյեմբերի 19-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը մասնակցեց Վոլոմին համայնքի Ստրախուվկա բնակավայրում Լեհաստանի թագավոր Կազիմիր Գ Մեծի արձանի բացման պաշտոնական արարողությանը։ Միջոցառումն անցնում էր ԼՀ Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկու և Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո՝ Լեհաստանի Վոլոմինի համայնքի ու Ստրախուվկայի քաղաքապետարանի կազմակերպմամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ԼՀ Սեյմի փոխնախագահ (վիցեմարշալեկ) Ստանիսլավ Տիշկան, ԼՀ Սենատի անդամ Յան Ժարինը, Վարշավա-Պրահա թեմի առաջնորդ Ռումուլադ Կամինսկին, ԼՀ Նախագահի խորհրդական Թադեուշ Դեշկիևիչը, Վոլոմինի համայնքի ու Ստրախուվկա բնակավայրի ղեկավարները, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Մելքումյանն ու Գագիկ Պետրոսյանը, Լեհաստանի հայ համայնքի գործիչներ, լրագրողներ և այլ հյուրեր:
Հուշարձանի բացման արարողությանը ԼՀ Նախագահի խորհրդական Թադեուշ Դեշկիևիչը ընթերցեց արարողության մասնակիցներին ուղղված Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդայի շնորհավորական ուղերձը։ Իր ուղերձում ԼՀ Նախագահը իր գնահատանքի խոսքերն էր հղել նաև Լեհաստանի հայ համայնքին' արժևորելով հայերի դերը Լեհաստանի պատմության ողջ ընթացքում:
Ելույթով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով, մասնավորապես, նշեց, որ Լեհաստանի հայ համայնքին 650-տարի առաջ արտոնություններ շնորհած երևելի Կազիմիր Մեծ թագավորի արձանի տեղադրումը Լեհաստանի հայերի բացառիկ և յուրահատուկ շնորհակալության նշանն է' ուղղված Լեհաստանի թագավորին և բոլոր լեհերին' հայերի հանդեպ ցուցաբերած հարգանքի և ուշադրության համար: Դեսպանը շնորհակալություն հայտնեց Լեհաստանի իշխանություններին և լեհ ժողովրդին՝ դարեր շարունակ հայերին շնորհված բացառիկ արտոնությունների, ջերմ ընդունելության և եղբայրական հարգանքի համար, որոնք հայերը փոխհատուցել են' Լեհաստանին նվիրվածությամբ և հայրենասիրությամբ:
Արձանի բացման արարողությանը ելույթ ունեցավ նաև Վոլոմին համայնքի ղեկավար Կազիմիերժ Ռակովսկին:
Այնուհետև, արձանի հիմքում տեղադրվեց պատմական օրը հավաստող արձանագրությունը: Վարշավա-Պրահայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Ռումուալդ Կամինսկու կողմից իրականացվեց արձանի օծման արարողությունը:
Արձանի բացման արարողությանը հաջորդած պաշտոնական ընդունելությանը և մշակութային միջոցառմանը ելույթով հանդես եկավ ԼՀ Սեյմի փոխնախագահ (վիցեմարշալեկ) Ստանիսլավ Տիշկան, ԼՀ Սենատի անդամ Յան Ժարինը: Վերջինս ընթերցեց նաև ԼՀ Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևեսկու ուղերձը: Ելույթներով հանդես են եկավ նաև քաղաքապետ Պիոտեր Օժեխովսկին, արձանի բարեր Աշոտ Առաքելյանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան հայկական «Մուսա Լեռ» և լեհական «SGGW» ժողովրդական երգի և պարի համույթները։
Տեղեկանք. Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծի արձանը տեղադրվել է Լեհաստանի հայ գործիչ Աշոտ Առաքելյանի նախաձեռնությամբ։ Արձանը պատրաստվել է Հայաստանում և կրում է հայ և լեհ քրիստոնյա ժողովուրդներին միավորող խաչ։