Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը հունվարի 22-ին այցելել է Այն Թինե, որտեղ հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բարրիի հետ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ լիբանանյան «Ազդակ» օրաթերթից: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան երկկող հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում Բեյրութ-Երևան միջպետական գործակցությունը:
Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են լիբանանյան և տարածաշրջանային իրադարձությունները:
Ավելի վաղ՝ հունվարի 17-ին, Լիբանանի վարչապետ Թամամ Սալամն այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին: Վարչապետի և Վեհափառ Հայրապետի միջև ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր: Մասնավորապես, քննարկումներ են ընթացել տարածաշրջանի և հատկապես Լիբանանի այժմյան կացության, կառավարության աշխատանքներին և Լիբանանի նախագահական ընտրություններին առնչվող հարցերի շուրջ: