Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը մայիսի 17-ին հանդիպեց Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկիվիչ-Վալցի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Վարշավայի քաղաքապետին արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակներում Վարշավայի մերձակայքում գտնվող «Իմ մայրիկ» անտառում ՀՀ դեսպանությունը Վարշավայի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպել էր խորհրդանշական 650 ծառի տնկում՝ ի նշանավորումն Լեհաստանի հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակի։
Զրուցակիցներն անդրադարձան նաև Լեհաստանի պատմության ողջ ընթացքում հայերի ունեցած կարևոր և նշանակալի դերակատարությանը։
Դեսպան Ղազարյանը Վարշավայի քաղաքապետին ներկայացրեց Հայաստանում 2018 թվականին կայանալիք հոբելյանական կարևոր միջոցառումների և իրադարձությունների' այդ թվում Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակի մասին՝ վերջինիս փոխանցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնական հրավերը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։