«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայկական շուկայում անհայտ ճանապարհով ադրբեջանական խնձորի հայտնվելու սկանդալը դեռ նոր մարած, հիմա էլ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական բլղուր: Dosa անվանումով բլղուրի տուփի վրա հստակ նշված է, որ այդ սննդատեսակը արտադրված և փաթեթավորված է Թուրքիայում:
Ընդ որում, մեր տեղեկություններով, թուրքական բլղուրը շուկայում հայտնվել է առանց անվտանգության սերտիֆիկատի, խանութներում ևս չկա անվտանգության սերտիֆիկատի պատճենը, որը տվյալ դեպքում պարտադիր պայման է, քանի որ Թուրքիան համարվում է ռիսկային երկիր:
Նշենք, որ եթե անգամ թուրքական բլղուրի հետ եկել է անվտանգության սերտիֆիկատը, ապա այստեղ պետք է լաբորատոր հետազոտություն իրականացվեր, որը, մեր տեղեկություններով, Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից չի իրականացվել: Այսինքն՝ հերթական անգամ առանց համապատասխան վերահսկողության՝ կասկածելի ծագման սննդամթերք է հայտնվել տեղական շուկայում:
Ի դեպ, թուրքական բլղուրն ավելի թանկ արժե, քան տեղականը: Dosa-ի 900 գրամանոց տուփը վաճառվում է 950 դրամով»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: