Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ հայ ֆուտբոլասերները դժվար պահին պետք է շարունակեն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կողքին լինել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին անհաջողություններին և հոկտեմբերի 5-ին Լեհաստանի ընտրանուց կրած պարտությանը՝ 1-6 հաշվով: «Մի լավ խոսք կա՝ հաղթանակն ունի բազում ծնողներ, իսկ պարտությունը՝ ոչ մի: Ես երեկվա խաղից հետո լսել եմ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մեկնաբանությունները, և կարծում եմ, որ այս դժվար պահին մենք պետք է լինենք հավաքականի կողքին: Ես հավատում եմ, որ մեր հավաքականը ի զորու է նոր խաղացողներով, նաև այսօրվա թիմով, այսօրվա մարզիչի հետ 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական խաղերում ավելի հաջող հանդես գալ: Բրազիլիայի նման թիմը սեփական հարկի տակ 1-7 հաշվով պարտվեց Գերմանիայի հավաքականին: Եթե Բրազիլիայի նման թիմը կարող է պարտվել 1-7 հաշվով, Հայաստանի հավաքականն էլ կարող է 1-6 հաշվով պարտվել»,- ընդգծեց Շարմազանովը:
Նա հավաքականի վերջին անհաջողություններում չի տեսնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մեղավորությունը: «Չեմ կարծում, որ այս պարտությունների մեջ Ռուբեն Հայրապետյանի մեղքի բաժինը կա: Նա այս տարիների ընթացքում ազնիվ ծառայել է հայկական սպորտին և հայկական ֆուտբոլին: Նրա նվիրվածության և պրոֆեսիոնալ ներդրումների արդյունքում բազմաթիվ ակադեմիաներ են կառուցվել Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի այլ վայրերում: Այսինքն, պարոն Հայրապետյանն արել է ամեն ինչ ֆուտբոլը զարգացնելու համար: Եթե պարոն Հայրապետյանին եք մատնանշում, լավ կլիներ նրան մատնանշեիք այն ժամանակ, երբ մեր հավաքականը 4:0 հաշվով հաղթում էր Սլովակիային, Դանիային»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Նա հավելեց, որ 2012թ. հավաքականի արձանագրած հաջողությունների մեջ պետք է տեսնել նաև Ռուբեն Հայրապետյանի ներդրումը՝ ընդգծելով, որ ինքը չի տեսել, որ որևէ մեկը այդ ժամանակ նրա անունը տված լինի: «Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակահատվածում հնարավոր ամեն ինչ արել է, որպեսզի հայկական ֆուտբոլը զարգանա: Նա ստեղծել է լավագույն պայմանները մեր թիմի համար: Մի հատ հարցրեք Արթուր Պետրոսյանին, Հարություն Վարդանյանին, Համլետ Մխիթարյանին, թե այն ժամանակ իրենք ինչ պայմաններում են մարզվել, երբ Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ, ֆրանսիացիներն էին բերում համազգեստը մեզ նվիրում, և հիմա ինչ պայմաններում են մարզվում մեր թիմի ֆուտբոլիստները»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը վստահ է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլոր պայմանները ստեղծել է հայկական ֆուտբոլի առաջընթացի համար, իսկ ֆեդերացիայի նախագահի գործառույթը հենց համապատասխան պայմաններ ապահովելն է: «Մինչև մենք ուժեղ առաջնություն չունենանք, մենք չենք կարող ունենալ ցանկալի արդյունք: Իսկ ֆուտբոլը մեծ ներդրումներ է պահանջում: Նորմալ թիմ պահելու համար, որքան ես գիտեմ, առնվազն կես միլիոնից մինչև 1 միլիոն դոլար փող է պետք»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում անցկացրած 9 հանդիպումներից 7-ում պարտվել է՝ տանելով ընդամենը երկու հաղթանակ: Հայաստանի հավաքականը 6 միավորով զբաղեցնում է E խմբի նախավերջին հորիզոնականը՝ գերազանցելով Ղազախստանի ընտրանուն: Կրած 7 պարտություններից 5-ում Հայաստանի հավաքականը պարտվել է խոշոր հաշիվներով: