Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ծավալած իր գործունեությամբ և հակահայ տրամադրություններով հայտնի թուրքական «ASİMDER» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյն անդրադարձել է Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերի հարցին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «İhlas» լրատվական գործակալությունը։
Գյուլբեյը նշել է, որ «հայերի տեղահանության» (այսինքն՝ Հայոց ցեղասպանության) ժամանակ իրենց տներից հեռանալ չցանկացող հայերը քողարկվել են քրդերի, ալևիների, թուրքերի անվան տակ և այսօր ծպտյալ հայերը Թուրքիայում մեծ թիվ են կազմում։ Որպես ապացույց թուրք գործիչը հիշեցրել է նաև Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանի այն հայտարարությունը, թե Թունջելիի բնակչության 90 տոկոսը հայեր են։
«ASİMDER»-ի նախագահի խոսքով՝ տարբեր ուսումնասիրություններ և հաշվարկների համաձայն՝ Թուրքիայում ներկայումս ընդհանուր առմամբ ապրում է 37․055 ծպտյալ հայ ընտանիք։ «Այսպես, Դիարբեքիրում 1.000 հայ ընտանիք ապրում է քրդի, ասորու կամ ալևիի անվան տակ, Մալաթիայում 3․655 հայ ընտանիք, Էլազըղում՝ 1000, Թունջելիում՝ 2․000, Սիիրթում ՝ 1․200, Երզնկայում (թրք․ Էրզինջան)՝ 1․300, Սեբաստիայում (թրք․ Սիվաս)՝ 2․000, Քահրամանմարաշում՝ 3․000 հայ ընտանիք իրեն ներկայացնում է որպես քուրդ կամ ալևի:
Կեսարիայում կա 5.000 հայ ընտանիք, ովքեր քողարկված են որպես թուրք, Վանում 4․000, Ադըյամանում՝ 1․600 հայ ընտանիք ծպտված է քրդի անվան տակ, Շանլըուրֆայում 3․000 ընտանիք ներկայանում է որպես արաբ կամ քուրդ, Մարդինում 1․500 հայ ընտանիքում ներկայանում է որպես արաբ, Ադանայում 2000 հայ ընտանիք քողարկվում է քրդի, արաբի կամ ալևիի անվան տակ»- հայտարարել է Գյուլբեյը։
Հայատյաց գործչի պնդմամբ՝ մեծ թվով հայեր կան Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսկացության (ԺԴԿ-HDP) և Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) կազմում։ Քյուլբեյը նշել է նաև, որ իրենք ամենայն ուշադրությամբ հետևում են ծպտյալ հայերին և ցանկանում են, որ պետական կառույցները համապատասխան միջոցներ ձեռք առնենք՝ նրանց բացահայտելու ու վերահսկելու համար։