Hi-Am բարեգործական հիմնադրամը, ի դեմս պարոն Նշան Աճեմյանի՝ ներկայացնում է «Ապրել խաղաղ» նախագծի հեղինակ Լիլի Գրիգորյանի հերթական ստեղծագործությունը: «Քանի որ իմ ներկայացրած նախորդ՝ «Ապրել խաղաղ» տեսահոլովակը շատ սիրվեց հանրության կողմից և արձագանքները շատ բուռն ու դրական էին, որոշեցի կանգ չառնել և ներկայացնել նախագծի հերթական երգը, որը կրում է «Ես Հայ Եմ» խորագիրը: Այս տեսահոլովակի երգի խոսքերի և երաժշտության հեղինակը ես եմ»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Լիլի Գրիգորյանը։
Ինչո՞ւ «Ես Հայ Եմ» խորագիրն ընտրվեց այս տեսահոլավակի համար հարցին ի պատասխան՝ Լիլի Գրիգորյանը նշեց. «Որովհետև այս տեսահոլովակն արտահայտում է աշխարհասփյուռ հայության՝ մեկ հայրենիքում համախմբվելու երազանքը: Տեսահոլովակում նկարահանվել են աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ փոքրիկներ, ովքեր հայրենիքից այդքան հեռու լինելով անգամ, չեն կտրում իրենց կապը Հայաստանի հետ՝ երազանք ունենալով, որ մի օր բոլոր հայերն այստեղ՝ մեր Մայր հայրենիքում են ապրելու: Տեսահոլովակի հերոսները նաև Սփյուռքի նախարարության՝ «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած երեխաներն են, ովքեր ևս մեկ անգամ ապացուցում են Հայաստան-սփյուռք մեր ամուր կապը»,-ասում է նախագծի հեղինակը՝ շեշտելով, որ տեսահոլովակն ունի հայրենասիրական շեշտադրում, այն շատ ռիթմիկ է, ուրախ, զերծ մելամաղձոտ երանգներից:
Խոսելով տեսահոլովակի աջակիցների մասին՝ Լիլի Գրիգորյանը նշեց, որ այն նկարահանվել է Hi-Am բարեգործական հիմնադրամի նախագահ Նշան Աճեմյանի աջակցությամբ:
Երգի հեղինակը շնորհակալություն հայտնեց նաև տեսահոլովակի ստեղծագործական ողջ թիմին և Հայաստանի պետական ֆիլհարմոնիային՝ մասնավորապես՝ տնօրեն Գագիկ Մանասյանին:
Հավելենք, որ «Ես Հայ Եմ» երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Լիլի Գրիգորյանն է, ռեժիսորը՝ Արթուր Մանուկյանը, իսկ գեղարվեստական ղեկավարը Լիլիթ Բադալյանն է: