ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը չի կարծում, որ Խոսրովի արգելոցի հրդեհը դիտավորության կամ չարակամության հետևանք էր: Նրա հավաստմամբ՝ դա պարզապես անփութության հետեւանք էր: «Դուք, երեւի, լսել եք, որ նախաքննական մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել որոշ պատասխանատուների նկատմամբ: Հրդեհը միտումնավոր չի եղել, հնարավոր է՝ եղել է ոչ արհեստավարժ մոտեցում հրդեհաշիջմանը: Դա հանգեցրել է այլ վայրերում հրդեհի բռնկման, ինչին նպաստել է նաեւ երեկոյան ժամերի ուժեղ քամին: Անփութություն է եղել որոշ անձանց կողմից, եւ նրանց ոչ արհեստավարժ լինելը կհիմնավորվի նախաքննության արդյունքում»,- նշեց նախարարը:
Լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունի նախարարը Մոնումենտում էկոլոգիական նորմերի խախտմամբ կառուցված առանձնատների մասին, նա պատասխանեց, որ չգիտի, թե որ պաշտոնյան ինչ առանձնատուն ունի տվյալ տարածքում: Նախարարը, սակայն, ընդգծեց, որ նմանօրինակ դեպքերի նկատմամբ պետք է ձեւավորել անհանդուրժողական վերաբերմունք:
«Չեմ կարծում, որ կոնկրետ ինչ-որ վայրում կա ռիսկայնություն, եւ շինարարություն է շարունակվում: Ինչ վերաբերում է դպրոցների հարեւանությամբ կառուցված բազմահարկերին, ապա վտանգի լրացուցիչ գնահատման խնդիր կա»,- ասաց նա:
Խոսելով քաղաքաշինության ոլորտի հնարավոր կոռուպցիոն ռիսկերից՝ ԱԻ նախարարը նշեց, որ դրանք չեն բացառվում:
«Ինչպե՞ս կարող է կոռուպցիա չլինել մի ոլորտում, որտեղ ֆինանսական մեծ հոսքեր կան: Իսկ ո՞վ է ասում, որ չկա: Ինձ ոչ մի բան չի կաշկանդում բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրների մասին»,- ընդգծեց Դավիթ Տոնոյանը: