Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրերս բավարարել է Եհովայի վկաների գործով հայցը Հայաստանի դեմ: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի տարածած հաղորդագրության մեջ: Եհովայի վկաները պնդում էին, որ չնայած տեղական օրենսդրությամբ տրամադրվում է այլընտրանքային զինվորական ծառայություն, այն բացառապես քաղաքացիական բնույթ չի կրում, քանի որ վերահսկվում է զինվորական իշխանությունների կողմից: 2 տարի բանտում անցկացնելուց հետո նրանք ազատ էին արձակվել 2013թ.՝ ընդհանուր համաներմամբ: Նշենք, որ Այլընտրանքային ծառայության մասին օրենքում փոփոխությունները տեղի են ունեցել հենց 2013-ին։
 
Այս դեպքից հետո բարձրաձայնվում են այն հարցերը, թե Հայաստանը պատերազմական երկիր է, այնպիսի տարածաշրջանում է, որ մեզ պետք է անվտանգության տեսանկյունից ուժեղ բանակ և այլն, խոսվում է այն մասին, որ Հայաստանում պատեհ-անպատեհ՝ կարող են օգտվել այս օրենքից, հատկապես հիմա, երբ այլևս կա ՄԻԵԴ որոշումը:
Նման սցենարը ավելի քան իրատեսական է: Բայց եթե մենք ստիպված ենք հարգել որևէ կրոն դավանողի՝ բանակում չծառայելու իրավունքը, ապա նրանք պարտավոր են հարգել մեր՝ պաշտպանված լինելու իրավունքը։  Պետությունը հենց նման վճիռներից խուսափելու համար էր ընդունել «Այլընտրանքային զինվորական ծառայության մասին» վիճահարույց օրենքում փոփոխությունները։ 
 
Ակնհայտ է, որ պետական շատ այրեր, իրենք էլ կողմ չէին փոփոխությունների ընդունմանը և ստիպված են գնացել այդ քայլին, քանի որ պետբյուջեից նման գումարներ այդ անձանց վճարելը, ևս անընդունելի է։ Նշենք նաև, որ օրենքը կար և գործում էր, այսինքն տվյալ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները մինչ օրս էլ, հրաժարվելով բանակում ծառայելուց, կարող էին դիմել այլընտրանքային ծառայության համար, բայց նրանցից ոչ մեկը դա չի արել։ Մինչ օրս այլընտրանքային զինվորական ծառայություն անցնելու դիմում որևէ Եհովայի վկայի կողմից չի ներկայացվել։
 
 Փոփոխված օրենքով այլընտրանքային զինվորական ծառայությունն ավելի է թեթևացվել՝ կրճատվել է ծառայության ժամկետը, բարելավվել վայրերը և այլն։
 
Խիստ կասկածում եմ, սակայն, որ նրանցից որևէ մեկը կդիմի նորացված օրենքով ծառայելու համար։ Չէ՞ որ ավելի հեշտ է հրաժարվել ծառայությունից, դառնալ «զոհ», դիմել միջազգային կազմակերպություններին և արտերկրից գումարներ «շահել» պետության հիմքերը խարխլող գործունեության համար։ Եթե խոսում ենք հավասարության մասին, ուղղակի անհասկանալի է դառնում, թե ինչպես կարող են մի ամբողջ պետության ու բնակչության 99%–ի շահերն ու հավասարությունը ստորադասվել 1 աղանդի շահերին ու համոզմունքներին։
 
Անհավասարություն ծնող հավասարություն..
 
Ստելլա Խաչատրյան