Կարծիք կա, որ Հայաստանում քիչ թե շատ մասսայական քաղաքացիական ակտերը, ցույցերը, բողոքի երթերը և այլ զանգվածային միջոցառումները հիմնականում չեն կրում ինքնաբուխ բնույթ, ու որքան էլ ցույց անելու կամ բողոքելու համար առիթ լինի, հասարակության ակտիվ մասին նախ ուղղորդող է անհրաժեշտ, որից հետո միայն օբյեկտիվ բողոքը կարող է վերածվել ինչ-որ ակցիայի: Ասվածը, սակայն, չի բացառում նաև հակառակ երևույթը, երբ ցույցերը կամ բողոքները կարող են ու երբեմն կրում են «սպոնտան» բնույթ: Ի վերջո՝ նմանատիպ իրավիճակները լիովին վերահսկելի պահելն այնքան էլ հեշտ բան չէ, ու նույնիսկ ցանկացած կազմակերպված ցույց, բողոքի երթ՝ կարող է շատ հեշտությամբ դուրս գալ վերահսկողությունից:
Հայաստանում կարծես ուսանողական բողոքի ալիք է ծնունդ առնում: Առաջին շարքերում առայժմ ԵՊՀ ուսանողներն են, որոնք էլ, ըստ էության, փորձում են իրենց կողմից սկիզբ դրած շարժումը վերածել համաուսանողական բողոքի ակցիայի: Բողոքը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի շուրջ է հասունացել, ու ցուցարարները փորձում են հասնել նրան, որ տարկետման իրավունքի տոտալ վերացումը, որը նախատեսված է նախագծով, չեղարկվի:
Ուսանողական ցույցերն ու զանազան ակցիաները զարգացած աշխարհում խիստ սովորական երևույթ են ու ոչ ոք դրանց հիմքում չի փորձում ինչ-ինչ չերևացող կողմեր փնտրել: Սակայն Հայաստանի պարագայում, ուր նմանատիպ բաները սովորաբար նախ պլանավորվում ու հետո հետևողականորեն ուղղորդվում են, մտածել, թե ուսանողական բողոքն, այն էլ հենց այս շրջանում, կարող է ինքնաբուխ լինել կամ սովորական քաղաքացիական պոռթկում հանդիսանալ, միամտություն կլիներ. հստակ է, որ այս ամենն ուղղորդվում է ի սկզբանե, միայն մնում է հասկանալ, թե ում է այն ձեռնտու:
Կռահելու համար այս հարցի պատասխանը, հարկավոր է նախ պարզել, թե ում դեմ է ուղղված բողոքը. թիրախում կարծես երկուսն են` ԿԳ նախարարն ու Վիգեն Սարգսյանը: Ընդ որում` ակնհայտ է, որ ԿԳ նախարարի գործոնն այստեղ այնքան էլ էական չէ, քանի որ օրենքի նախագիծը ներկայացվել է Պաշտպանության նախարարի կողմից, որին Լևոն Մկրտչյանը մեծագույն ցանկության դեպքում իսկ «չէ» ասել չի կարող, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ բողոքի բուն հասցեատերը Վիգեն Սարգսյանն է: Հարց` ո՞ւմ կարող է ձեռնտու լինել Վիգեն Սարգսյանի հեղինակությանը հարված հասցնելը (այս ամենը չի կարող անհետևանք մնալ): Ի դեպ` սա առաջին դեպքը չէ, երբ Սարգսյանի հեղինակությունը հայտնվում է երերուն վիճակում. բոլորն են հիշում ԱԺ-ում Սարգսյանի կողմից արված արտահայտությունը լրագրողի հասցեին, ու բոլորն էլ կարող են վկայել, որ այդ միջադեպը բավական բուռն քննարկվեց մամուլում, ինչը նույնպես չի կարող պարզ զուգադիպություն համարվել: Այնպիսի տպավորություն է` կարծես ինչ-որ մեկը փորձում է Վիգեն Սարգսյանին ներքաշել ավելորդ քաշքշուկների մեջ, հարված հասցնել նրա համբավին: Հարցն էլ այն է, թե ով է փորձում դա անել:
Նախ` հայտնի է, որ Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի կողմից նախապատրաստվող կադրերից է, ապագայի վարչապետացուներից մեկը, և այս իմաստով՝ խիստ անհավատալի է թվում այն տեսակետը, թե իբր այս ամենը կառավարվում է նախագահականից, քանի որ նախագահ Սարգսյանին մաքսիմալ անբիծ հեղինակությամբ մարդիկ են անհրաժեշտ, որոնք ընկալելի կլինեն ժողովրդի կողմից ու թաթախված չեն լինի զանազան քաղաքական խարդավանքների մեջ: Ուստի` այս ամենի` նախագահականից ուղղորդված լինելու տարբերակն անհամոզիչ է թվում:
Հաջորդ տարբերակը, թերևս, իշխանության հակառակ թևից ուղղորդվելու վարկածն է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե իշխանական բուրգում ներկայում ինչ իրավիճակ է. առջևում 2018-ի ապրիլն է, ու յուրաքանչյուր ճամբար անում է հնարավոր ամեն բան` վիժեցնելու հակառակ կողմի պլանները: Վիգեն Սարգսյանի անվան հոլովումը ոչ այնքան պոպուլյար թեմաներում, նրա դեմ բողոքները կարող են ձեռնտու լինել հենց այս խմբին` նպատակ ունենալով հարվածել Սերժ Սարգսյանի կադրի համբավ ունեցող գործչի հեղինակությանն ու խանգարել Վիգեն Սարգսյանի` որպես քաղաքական գործչի ծննդին: Սարգսյանին ՊՆ պաշտոնում նշանակման հիմնական նպատակը նրա` դեպի մեծ քաղաքականություն տանող ճանապարհը հարթելն է եղել ի սկզբանե, ինչը բնավ էլ գաղտնիք չէ, ու եթե այն հնարավոր լինի առավելագույնս փշոտ դարձնել, ապա մեծ է հավանականությունը, որ Վիգեն Սարգսյան քաղաքական գործչի կարիերան մեծ հարցականի տակ կարող է հայտնվել` դեռ նույնիսկ կարգին չսկսած: Հետևաբար՝ եթե բացառում ենք բողոքի ակցիաների կամ ցույցերի ինքնաբուխ լինելն ու խոստովանում առաջին տարբերակի ոչ այնքան հիմնավոր լինելն, ապա առավել տրամաբանական է թվում հենց այս տարբերակը:
Ասվածը, սակայն, բնավ չի բացառում մեկ այլ տարբերակ ևս` ներքին դավադրության: Բանն այն է, որ բավական սուր մրցակցություն կա ՀՀԿ-ի հենց ներսում` պայմանավորված իշխանության ժառանգորդների խնդրով: Ու այս իմաստով պետք է նկատել, որ Վիգեն Սարգսյանն այդ իրավահաջորդներից միայն մեկն է, ու ոչ երբեք միակը: Իսկ սա նշանակում է, որ Վիգեն Սարգսյանի համբավը մթագնելու հարցում կարող են շահագրգռված լինել ոչ միայն իշխանության ներսում առկա Սեժ Սարգսյանին հակառակ բևեռի ներկայացուցիչներն, այլև նրանք, ովքեր հանձին Վիգեն Սարգսյանի անձի՝ իրենց մրցակից են տեսնում: Չի բացառվում, իսկ ավելի շուտ՝ միանգամայն հավանական է, որ հենց նրանք են կանգնած այս ցույցերի ու բողոքների ակունքներում` ջանալով Սարգսյանին կանգնեցնել անլուծելի խնդրի առաջ: Այս իմաստով՝ պետք է նկատել, որ շահերի որոշակի ընդհանրություն կա և՛ Սերժ Սարգսյանին ընդդիմացող իշխանական բևեռի, և՛ անձամբ Վիգեն Սարգսյանին մրցակից դարձած մարդկանց միջև:
Թե ինչ հանգուցալուծում կստանա այս պատմությունը, թերևս միայն ժամանակը կարող է ցույց տալ, սակայն այն, որ տարբեր խմբերի միջև առկա իշխանության համար պայքարը ժամանակի հետ միայն սրվելու է, կասկածից վեր է. 2018-ը կարծես թե ինտրիգներով լեցուն տարի է լինելու:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ