Եվրահանձնաժողովը, իսկ հետո նաեւ Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակել են Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի տեքստը: Նշվում է, որ համաձայնագրի նպատակներն են՝ ամրապնդել կողմերի միջեւ համապարփակ քաղաքական եւ տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին եւ գործակալությունների աշխատանքներին: Ի դեպ, ուշագրավ է հերթականությունը, որով կողմերը հրապարակեցին սույն փաստաթուղթը, հաշվի առնելով, թե ինչ գաղտնիության շղարշով էր մեր ԱԳՆ-ն պատել փաստաթղթի մանրամասները, ակնհայտ է, որ դրա գաղտնազերծումն այս պահին ավելի ձեռնտու է հենց ԵՄ-ին: Ինչևէ, Համաձայնագիրը նախաստորագրված է եւ պատրաստվում է ստորագրման՝ նոյեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության վեհաժողովում: Տեքստի հրապարակումը միանշանակ կրում է կանխարգելիչ բնույթ: Մնում է հասկանալ, թե ով և ինչ է կանխարգելում այդ քայլով:
 
Մի կողմից՝ Եվրամիությունը կարող է դրանով կանխարգելել, այսպես ասած, Երևանի հնարավոր մանիպուլյացիոն քայլերը, մյուս կողմից՝ Եվրամիությունն ու Երևանը կարող էին համատեղ կանխարգելել մանիպուլյացիաները, որոնք կարող են լինել ռուսական կողմից: Իսկ այդ մանիպուլյացիաներն արդեն իսկ մեծ թափ են հավաքել. վերջին օրերին ռուսական լրատվական դաշտում հրապարակումներ են հայտնվում Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականության, այսպես կոչված, արևմտյան շրջադարձի մասին: Ռուսաստանի իշխանության համար Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրում չկան վտանգավոր դրույթներ և նրա գերխնդիրն էր՝ հասնել նրան, որ գործընթացը չուղեկցվի Երևանի արտաքին քաղաքականության այլընտրանքային ուղղության մասին քաղաքական և հանրային քննարկումներով: Մոսկվան հասել է այս նպատակին, որովհետև անգամ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության չեղարկման նախաձեռնությունն առայժմ մասնավոր բնույթ է կրում` չդառնալով մեր երկրում քաղաքական այլընտրանքի ձևավորմանը միտված գործընթացի մեկնարկի ազդանշան:
 
Իսկ Բրյուսելում, ըստ ամենայնի, այնքան են հիասթափված Հայաստանի կոռումպացված իշխանություններից, քաղաքական իներտ համակարգից, որ բավարարված են անգամ համաձայնագրի հնարավոր ստորագրման փաստից` չունենալով ավելի խորքային գործընթացի ակնկալիք: Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որը պահանջատեր է Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարցում, հասարակությունը նույնպես` մեծ իմաստով, օտարված է գործընթացից` հենց քաղաքական ձևակերպված այլընտրանքի բացակայության հետևանքով: Այս ֆոնին Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրն, որը բովանդակությամբ էապես զիջում է Ասոցացման պայմանագրին, ծառայեցվելու է բացառապես «և, և»-ի կամ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կոմպլիմենտարիզմի լեգիտիմացմանը:
 
 
Ստելլա Խաչատրյան