Նորսուլթան Նազարբաևի հայտնի լուսանկարը' արված ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի կողմից, նոր մեկնաբանություն է ստացել Ալմաթիում:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Tengrinews.kz-ը, ղազախ լուսանկարիչ Վիկտոր Մագդեևը Ալմաթիի փողոցներից մեկում կատարել է հայտնի լուսանկարի նմանությամբ ֆոտոսեսիա:
«Ես սկզբում այդ լուսանկարը վերարտադրեցի ընկերներիս հետ Աստանայում: Տեղադրեցի սոցցանցերում, այն ստացավ մեծ թվով հավանություններ ու մեկնաբանություններ: Երբ գնացի Ալմաթի, մտածեցի' ինչու չտալ նման հնարավորություն հասարակ քաղաքացիներին»,-ասել է լուսանկարիչը: Սկզբից մարդիկ կարծել են, որ փողոցում ֆիլմ են նկարահանում, հետո Մագդեևը նրանց ցույց է տվել հայտնի լուսանկարն ու առաջարկել ունենալ նախագահի ոճի նկար: Լուսանկարիչը անկեղծացել է, որ Նազարբաևի այդ լուսանկարը նրան շատ է տպավորել ու ոգեշնչել:
Հայտնի լուսանկարն արվել է հոկտեմբերի 11-ին Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Այն արագորեն տարածվել է ղազախական լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով' արժանանալով ղազախների հավանությանը: Դավիթ Հակոբյանը հայտարարել է, որ ցանկանում է լուսանկարը նվիրել նախագահ Նազարբաևին: