Մեր հասարակության մեջ ցանկացած բանի մեղավորը նաեւ լրագրողներն են։ Այս մասին մամուլի օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ–ական պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը։Հավաքված լրագրողներին այլ բան չէր մնում, քան նախկին լրագրողից հետաքրքրվել, թե սոցիալական ծանր կյանքի, արտագաղթի, շեշտակի թանկացումների պարագայում ո՞րն է լրագրողի մեղքը, ինչին ՀՀԿ–ականը պատասխանեց. «Բազմաթիվ անգամներ մեղավոր են, որովհետև երբ դու լավ բան ես տեսնում ու չես գրում, ընթերցողը չի իմանում էդ լավ բանի մասին, և դրանով խորացնում ես գաղջ մթնոլորտը»։
Մնում է միայն հասկանալ՝ այդ ինչ դրական, լավ բան է արել անձամբ ինքը՝ Մարգարիտ Եսայանը, որ վրիպել է լրագրողների աչքից: Կամ ինչո՞ւ է Եսայանը զլանում նշել, թե ով կամ ովքեր են առաջացրել այդ գաղջ մթնոլորտը երկրում, որն էլ, ըստ իրեն, խորացնում են լրագրողները: Կամ ինքն անձամբ՝ ի՞նչ է արել այդ գաղջ մթնոլորտը վերացնելու համար, քանի՞ անգամ է կարողացել իր սրատեսությամբ արձանագրել լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը և արձագանքել դրանց: Չէ՞ որ ինքն այլևս նախկին լրագրող է և ներկայիս պատգամավոր, և կարծես թե ունի բոլոր հնարավորությունները՝ իրավիճակի վրա ազդելու համար: Բայց արի ու տես, որ տիկին Եսայանը զբաղված է միայն մեղավորներ փնտրելով, ընդ որում՝ հետաքրքիր պատահականությամբ, մեղավոր են անխտիր բոլորը՝ բացի իրենից ու իր գործընկերներից: Փոխարենը, նա այս ընթացքում` իր հետլրագրողական կյանքում հրաշալի յուրացրել է հայտնի նախադասությունը. «Եթե ունեք փաստեր, որ էս մարդը չի պատժվել, ասեք՝ գնամ-պատժեմ... »: Ինչպես ասում են՝ ո՞ր մեկին ասենք…
Վախենանք՝ անգամ տիկին Եսայանի ավյունը մեր երկրում բոլոր չպատժվածներին արժանին մատուցելուն չհերիքի: Թերևս դա էլ գիտակցելով, վերջում պատգամավորը բոլորին լավատեսություն մաղթեց՝ մի բան, որն իր ընկալմամբ, իրականությունը չտեսնելու և վարդագույն ակնոցներ կրելու հրամայական պահանջն է:
Ստելլա Խաչատրյան